Մատչելի հղումներ

՝՝Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի ու հայության հետ՛՛


՝՝Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի ու հայության հետ՛՛
՝՝Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի ու հայության հետ՛՛

<!-- IMAGE -->

Ապրիլի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանդիպելուց հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այց կատարեց Վաշինգտոնի Մայր Տաճար, որտեղ ի շարս այլոց, հանգչում է ՝՝հայ ժողովրդի մեծ բարեկամ, ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Ուուդրոու Ուիլսոնի մարմինը:


Սարգսյանը ծաղիկներ դրեց Ուիլսոնի գերեզմանին, հանդիպեց ցեղասպանությունը վերապրած հայերի` նրանցից ուղերձ-նամակ ստանալով:


Հենց տաճարի ներսում արտասանած ելույթում նա ասաց.
՝՝Նախագահ Ուիլսոնը մեծ գործիչ էր, որին գրեթե հարյուր տարի անց էլ, իր հայրենիքից հազարավոր կիլոմետրետ հեռու գտնվող հինավուրց ժողովուրդը շարունակում է մեծարել ու փոխանցել այդ մեծարանքը սերնդե սերունդ՛՛։


Հայաստանի նախագահը շեշտեց Ուիլսոնի այն խոսքերը, թե ուժեղները կարող են ու պարտավոր են թույլ չտալ փոքր ժողովուրդների տառապանքների կրկնություն։ ՝՝Դեռեւս 9Օ տարի առաջ ԱՄՆ-ի նախագահը իր խոսքերով ձեւակերպում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների եւ ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը՛՛։


Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայոց ցեղասպանությունից 95 տարի հետո էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպություններ ու քաղաքական գործիչներ, այդ թվում եւ Ուիլսոնի հայրենիքում, շարունակում են գործել ուիլսոնյան տրամաբանությամբ։ ՝՝Հայ ժողովուրդը հիշում է ու կհիշի բոլորին անուն առ անուն՛՛, ասաց Սարգսյանը։


Նրա խոսքերով, հայ-թուրքական արձանագրությունների նախօրեին ոմանք ունեին մտավախություն, որ արձանագրությունները ժամանակավորապես կսառեցնեն Ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը։


՝՝Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախությունները անհիմն են եւ անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի ու նոր պայքարի՛՛, ասաց Սերժ Սարգսյանը ու կարեւորեց այս գործում Հայաստանի ու Սփյուռքի հայերի միասնությունը։
Նա կարեւորեց նաեւ բոլոր հարեւանների հետ Հայաստանի լավ հարաբերությունները, ավելացնելով, թե ՝՝հակառակ դրան, չենք թույլ տա, որ պայմաններ թելադրվեն մեզ՛՛։
Խոսելով դրանից մի քանի ժամ առաջ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման մասին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի ու հայության հետ։


՝՝Մենք դա պարզապես թույլ չենք տա։ Չենք պատրաստվում որեւէ ձեւաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների գործընթացում՛՛։

Հայաստանի նախագահի խոսքերով, յուրաքանչյուր հայ որեւէ մայրցամաքում պիտի դառնա այն կաթիլը, որը քար է ծակում, քանի որ, ասաց նա, ՝՝մեր ժողովրդի դահիճները մեզ այլընտրանք չեն թողել։ Իսկ մենք պիտի ծաղկենք ու բարգավաճենք՝ ծակելով անտարբերության, ցինիզմի ու երկերեսանիության քարը՛՛։



ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության YouTube-ի (http://www.youtube.com/user/ARMVOA) կայքում:

XS
SM
MD
LG