Մատչելի հղումներ

Նոր ձերբակալություններ Թուրքիայում


Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 2Օ անձանց՝ նրանց կասկածելով 2ՕՕ3 թվականին կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու գործին մասնակցություն ունենալու մեջ։

Հետաքննիչների խոսքերով, ձերբակալվածների մեջ են ներկա ու պաշտոնաթող զինվորական սպաներ, ովքեր, ըստ նրանց, ծրագրել են պայթյուններ իրականացնել մզկիթներում, գրավել ռազմական մի օդանավ ու սրել լարվածությունը Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ՝ նպատակ ունենալով այսպիսով ապակայունացնել կառավարությունը ու դրանով իսկ արդարացնել կառավարությունը ռազմական եղանակով տապալելու քայլը։

Թուրքիայի իշխանությունները փետրվար ամսին նույն մեղադրանքներով ձերբակալել էին 7Օ հոգու։ Նրանց մի մասը հայտարարում են, թե այդ ծրագրերը պարզապես եղել են որպես սցենար, այլ ոչ թե ռազմական հեղաշրջման նախապատրաստում։

Վերջին այս ձերբակալությունները եւս մեկ անգամ ընդգծում են Թուրքիայի մահմեդական արմատներ ունեցող կառավարող կուսակցության եւ իրեն երկրի աշխարհիկ սկզբունքների պաշտպան համարող բանակի միջեւ լարվածությունը։

Բանակը Թուրքիայում անցած 5Օ տարիների ընթացքում տապալել է երկրի 4 կառավարություն։

XS
SM
MD
LG