Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ստորագրել է առողջապահության համակարգի բարեփոխումների ծրագիրը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը ստորագրեց առողջապահության համակարգի բարեփոխման օրինագիծը, հակառակ հանրապետականների ցուցաբերած բուռն ընդդիմությանը։

Սպիտակ տանը կայացած հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի դեմոկրատ ղեկավարները։

Պատմական այս օրինագծի նպատակն է բժշկական ապահովագրություն տրամադրել 32 միլիոն ամերիկացիների, ովքեր ներկայումս ապահովագրված չեն։

940 միլիարդ դոլար պահանջող այդ օրինագծի իրագործման շնորհիվ ամերիկացիները պետական նպաստներ կստանան, որպեսզի պարտադիր կերպով բժշկական ապահովագրություն գնեն մասնավոր ընկերություններից։ Օրինագիծը նաեւ թույլ չի տա, որ ապահովագրական ընկերությունները մերժեն արդեն իսկ որեւէ հիվանդությամբ տառապող անձանց ապահովագրվելու դիմումները։

Պրն. Օբամայի հովանավորած բարեփոխումները սուր բանավեճերի տեղիք են տվել ամբողջ երկրում եւ քննադատվում են Կոնգրեսի հանրապետական անդամների կողմից։

Ներկայացուցիչների պալատը առողջապահության բարեփոխումների օրինագիծը հաստատել էր կիրակի օրը, 219 կողմ եւ 212 դեմ քվեների հարաբերակցությամբ։

XS
SM
MD
LG