Մատչելի հղումներ

՝՝Դադարեցրո՛ւ հրեաների վերաբնակեցման գործընթացը՛՛


Մերձավոր Արեւելքի խաղաղության հարցերով Միջազգային քառյակը կոչ է անում Իսրայելին սառեցնել հրեա վերաբնակների համար կառուցվող տների շինարարական աշխատանքները ու հորդորում Իսրայելին եւ պաղեստինցիներին վերադառնալ խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ։


Մոսկվայում անցկացված հանդիպման արդյունքում կազմված հայտարարությունը, որը հրապարակեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բանի Կի-մունը, դատապարտում է Արեւելյան Երուսաղեմում հրեա վերաբնակների համար 16ՕՕ նոր տուն կառուցելու Իսրայելի ծրագիրը՝ հայտարարելով, որ ՝՝Իսրայելի կողմից այս տարածքների բռնակցումը չի ճանաչվել միջազգայնորեն՛՛։

Միջազգային քառյակը, որի մեջ են մտնում ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, Ռուսաստանն ու Եւրոպական Միությունը, նաեւ կոչ են անում վերսկսել խաղաղության բանակցությունները՝ նպատակ ունենալով վերջնական համաձայնության հասնել 24 ամսվա ընթացքում։

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն այս կոչին տվել է պատասխան՝ հայտարարելով, թե ՝՝խաղաղություն չի կարող պարտադրվել արհեստականորեն, հիմքում անիրատեսական ժամանակացույց ունենալով՛՛։

Պաղեստինցիների գլխավոր բանագնաց Սաեբ Էրեքաթը ողջունել է Քառյակի հայտարարությունը ու հորդորել, որ այն ավելի մոտից հետեւի Իսրայելի կողմից գրավյալ տարածքներում իրականացվող վերաբնակեցման գործընթացին։

XS
SM
MD
LG