Պակիստանի դատարաններից մեկը այս երկրում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մասին դատական մեղադրանքներ է ներկայացրել երիտասարդ հինգ ամերիկացիների։
ԱՄՆ-ի բոլոր հինգ քաղաքացիները մայրաքաղաք Վաշինգտոնում բնակվող մահմեդականներ են։ Պակիստանի ոստիկանությունը հայտարարում է, թե նրանք ծրագրել են հարձակումներ երկրի տարածքում եւ փորձել միանալ Աֆղանստանի հետ սահմաններում գործող մահմեդական ռազմատենչ խմբավորումներին։
Մեղադրյալները հերքել են իրենց դեմ հարուցված մեղադրանքը՝ հայտարարելով, թե որեւէ կապ իրենք չունեն ռազմատենչ որեւէ խմբավորման հետ եւ որ իրենց նպատակը բարեգործության համար Աֆղանստան մեկնելն է եղել։ Նրանք հայտարարում են նաեւ, թե կալանքի պայմաններում շարունակ ենթարկվում են Պակիստանի ու ԱՄՆ-ի անվտանգության գործակալների հալածանքներին։
Մեղադրանքները հաստատվելու դեպքում ամերիկացի հինգ մահմեդականներին կսպառնա ցմահ բանտարկությունը։
Դատախազների կողմից վկայություններ տրամադրելու հաջորդ նիստը կանցկացվի մարտի 31-ին։