Ռուսաստանի պետական միջուկային գործակալության ղեկավարի խոսքերով, այդ երկիրը պատրաստվում է 12 ատոմակայան կառուցել Հնդկաստանում, ընդ որում դրանցից 6-ը` առաջիկա 7 տարիների ընթացքում:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական այցով Նյու Դելիում գտնվող Վլադիմիր Կիրիենկոն նշել է, որ 6 ատոմակայանների կառուցումը նախատեսվում է 2012-ից 2017 թվականների ընթացքում:
Պուտինն իր ելույթում անդրադարձել է այս ծրագրերին` նշելով, թե միջուկային էներգիայի շուրջ համագործակցությունն ամենախոստումնալիցն է երկու երկրների պարագայում:
Ոլորտում նախատեսվող աշխատանքներն այս պահին ենթադրում են. ատոմակայանների կառուցում, միջուկային վառելիքի առաքում, ինչպես նաև էներգետիկ ավելցուկի արտահանում:
Ռուսաստանի և Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այս հանդիպման ընթացքում նախատեսվում է ավելի քան մեկ տասնյակ միջպետական համաձայնագրերի ստորագրում, ինչի արդյունքում կողմերի միջև դրամաշրջանառությունը հասնելու է մինչև 10 միլիարդ դոլարի: