Մատչելի հղումներ

Շվեդիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը


Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը հինգշաբթի օրն ու երեկոյան ձայների 131-ը 13Օ-ի հարաբերությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ 2008 թվականի աշնանից։


Որոշմամբ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները բնութագրվում են որպես ՝՝ցեղասպանություն՛՛: Բանաձեւում հիշատակված են ոչ միայն հայերի, այլեւ Օսմանյան կայսրությունում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների` ասորիների եւ Պոնտոսի հույների զանգվածային սպանությունները։

Չնայած բանաձեւի ընդունմանը կողմ էր Շվեդիայի խորհրդարանում առկա 7 կուսակցություններից հինգը, մինչեւ վերջին պահը դժվար էր կռահել քվեարկության արդյունքը, քանի որ մինչ քվեարկությունը բանաձեւին դեմ էր արտահայտվել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Հանձնաժողովի կարծիքին համամիտ է եղել նաեւ երկրի արտգործնախարար Քարլ Բիլդթը՝ ասելով, թե ՝՝պատմությունն այս ձեւով քաղաքականացնելու եղանակով վտանգի տակ է դրվում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացը ու նոր լարվածությամբ սպառնում Շվեդիայի հասարակությանը՛՛։


Շվեդիայի խորհրդարանը նույն հարցով քվեարկություններ անց է կացրել նաեւ անցյալում։ 2ՕՕՕ թվականին այն 2.5 միլիոն հայերի, ասորիների, քաղդեացիների ու Պոնտոսի հույների անհետացումն այս տարածքներից անվանել է ՝՝ցեղասպանություն՛՛։ Սակայն ճանաչումը հետագայում հետ է վերցվել ՝՝գործի տեխնիկական պատճառներով՛՛։


2ՕՕ8-ին խորհրդարանը բանաձեւին դեմ էր քվեարկել ձայների 245-ը 37-ի հարաբերությամբ։
Այսօրվա որոշումը, որով Շվեդիայի խորհրդարանը ճանաչում է Ցեղասպանությունը, մեծապես կախված է եղել իրենց նախկին ժխտողական քաղաքականությունից հրաժարված սոցիալ դեմոկրատական կուսակցության ձայներից։

Եւ այսպես, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը մեկ շաբաթվա ընթացքում ճանաչվում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ու Շվեդիայի խորհրդարանում, եւ երկու դեպքում էլ՝ միայն մեկ ձայնի առավելությամբ։

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել Շվեդիայում իր դեսպանին, իսկ վարչապետ Էրդողանը՝ չեղյալ հայտարարել Շվեդիա կատարելիք իր այցը։


XS
SM
MD
LG