Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը վերսկսում են միջուկային սպառազինության կրճատման խորհրդակցությունները


Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը խորհրդակցությունների նոր փուլ են սկսել միջուկային սպառազինության կրճատման վերաբերյալ։

Երկու կողմերի բանագնացները հանդիպել են Ժնեւում եւ հայտարարել, թե այդ հանդիպումը վերջին փուլն է ռազմավարական նոր պայմանագրի շուրջ տարվող խորհրդակցություններում։

Նոր պայմանագիրը կփոխարինի միջուկային զենքերի կրճատման 1991 թվականի պայմանագրին, որի ժամկետը լրացավ անցյալ տարվա դեկտեմբերին։ Այն սահմանափակել էր երկու երկրների կողմից տեղակայվող միջուկային մարտագլխիկների եւ հրթիռային համակարգերի թիվը։

Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, խորհրդակցությունների ներկա փուլը կավարտվի ապրիլին։ Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, թե վերջնաժամկետ չի նշանակվել։

Վաշինգտոնն ու Մոսկվան անցյալ տարուց ի վեր բանակցում են միջուկային սպառազինության կրճատման նոր պայմանագրի շուրջ։ Սակայն երկու կողմերը պնդում են, թե չլուծված որոշ հարցեր կան, ներառյալ վերահսկողության գործընթացների մանրամասնությունները եւ Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու ամերիկյան ծրագրերին Ռուսաստանի ընդդիմությունը։

XS
SM
MD
LG