Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը հաստատել է Թուրքիայում Օսմանյան կայսրության տարիներին հայերի սպանությունները ցեղասպանություն ճանաչելու բանաձեւը, հակառակ, այդ քայլից խուսափելու վերաբերյալ, Սպիտակ Տան նախազգուշացումներին։
Հանձնախումբը քվեարկել է բանաձեւի օգտին 23 կողմ եւ 22 դեմ քվեների հարաբերությամբ։ Այժմ բանաձեւը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիակազմ նիստի քննարկմանը։
Հինգշաբթի օրը, Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայք Համըրը հայտարարել է, թե արտգործնախարար Հիլարի Քլինթընը դիմել է Կոնգրեսի հանձնախմբի նախագահ Հաուարդ Բերմանին, ասելով, թե Կոնգրեսի գործողությունների շարունակումը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ջանքերի առաջադիմությանը։
Թուրքիան եւս նախազգուշացրել է, թե Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի հաստատումը կվնասի Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերություններին։
Սպիտակ Տունը հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ ունեցած զրույցում իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի ջանքերի վերաբերյալ։ Պրն. Օբաման երկու կողմերին հորդորել է, որ վավերացնեն անցյալ տարի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։