Մատչելի հղումներ

Անդրադարձներ Թուրքիայից Հայոց Ցեղասպանության բանաձեւի շուրջ Կոնգրեսում տարվող քննարկմանը


Միացյալ նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնախումբը շուտով կքվեարկի մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանություն բնութագրելու մի բանաձեւի շուրջ։ Սակայն Թուրքիան զգուշացնում է, որ բանաձեւի հաստատումը կվնասի ամերիկա-թուրքական հարաբերություններին։ Իսկ Անկարան հայտարարել է, թե զոհվածների թիվը շատ ավելի քիչ է եւ սպանությունները տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում սպանվել են նաեւ թուրքերը։

Ամերիկայի Ձայնի թղթակից Դորիան Ջոնզը Ստամբուլից հաղորդում է, թե Թուրքիայի վարչապետի տեղակալ Չեմիլ Չիչեկը զգուշացրել է Թուրքիայի հակազդեցության հավանականության մասին։

՛՛Թուրքիան եւ Միացյալ Նահանգները կարեւոր դաշնակիցներ են։ Այս բանաձեւի հաստատումը կվնասի երկու երկրների ավելի քան 50-ամյա փոխհարաբերություններին՝՝, ասել է Չեմիլ Չիչեկը։

Թուրքիայից Վաշինգտոն ժամանած խորհրդարանական մի խումբ եւս այդ պատգամն է հղել։

Չնայած նախագահ Բարաք Օբաման անցյալում հայտարարել է, թե ճանաչում է ցեղասպանության իրողությունը, նա խուսափեց ցեղասպանություն բառը օգտագործելուց անցյալ տարի, երբ այցելեց Թուրքիա։

Փոխարենը, նախագահ Օբաման շեշտեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը։

՛՛Ես կցանկանայի խրախուսել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, որ առաջ ընթանա Հայաստանի հետ բանակցությունների ուղով։ Մինչ Հայաստանն ու Թուրքիան արդյունավետ քննարկումներ են անցկացնում, ես հետաքրքրված չեմ այդ քննարկումների վրա որեւէ ներգործություն ունենալու հեռանկարով՝՝, հայտարարել էր Բարաք Օբաման։

Անցյալ հոկտեմբերին Թուրքիայի եւ Հայաստանի նախագահները ստորագրեցին հարաբերությունները բարելավելու մասին արձանագրություններ։ Անկարան նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից ցեղասպանության բանաձեւի հաստատումը կվնասի հարաբերությունների բարելավման ջանքերին։

Սակայն, վերլուծաբանների կարծիքով փոխհարաբերությունների բարելավման ջանքերը խոչընդոտվել են, քանի որ երկու երկրների խորհրդարանները չեն հաստատել արձանագրությունները։

՛՛Չեմ կարծում, որ Թուրքիայի կառավարությունը լրջորեն է մոտենում արձանագրությունները հաստատելու խնդրին։ Դժբախտաբար, սա եւս կորած մի հնարավորություն է՝՝, ասել է Ստամբուլի Բահչեսեհիր համալսարանի քաղաքագիտության դասախոս Չենգիզ Ակտարը։

՛՛Լուրջ հետեւանքներ են ակնկալվում։ Այսօր Իրաքում գտնվող ամերիկյան զորքերին անհրաժեշտ ապրանքների 70 տոկոսը Թուրքիան է մատակարարում։ Այն նաեւ կարեւոր դերակատար է ՆԱՏՕ-ում։ Մենք համագործակցում ենք խաղաղության պահպանման գրեթե բոլոր գործողություններում՝՝, ասել է Եվրամիությունում Թուրքիայի նախարար Էգեմեն Բագիշը։


Վերլուծաբանների կարծիքով, Թուրքիան կարեւոր դեր կարող է խաղալ նաեւ Թեհրանի դեմ նոր եւ ավելի խիստ պատժամիջոցների հաստատման գործընթացում։ Թուրքիան կարեւոր ռազմական եւ դիվանագիտական կարեւոր դեր է կատարում նաեւ Աֆղանստանում։

Սակայն, վերլուծաբան Չենգիզ Ակթարի համաձայն, Միացյալ Նահանգներին հղած Թուրքիայի նախազգուշացումները տկար են, քանի որ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները լարված են։

՛՛Թուրքիան, որը առանց այն էլ բարդ հարաբերություններ ունի Եվրամիության հետ, հազիվ թե փորձի հակադրվել մեկ այլ արեւմտյան երկրի՝ այն է Միացյալ Նահանգներին՝՝ ասել է Չենգիզ Ակտարը

XS
SM
MD
LG