Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը մեկնել է Ուրուգվայ, որպես մասը Լատինական Ամերիկայում կատարելիք իր շրջագայության, որի ընթացքում նա կայցելի վեց երկրներ, ներառյալ երկրաշարժից տուժած Չիլիի հանրապետություն։
Հիլարի Քլինթընը երկուշաբթի ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նախագահ Հոզե Մուխիկայի երդմնակալության արարողությանը։ Իսկ ավելի ուշ կմեկնի Բուենոս Այրես, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեզի հետ խորհրդակցելու համար։
Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը տիկին Քլինթընը կմեկնի Չիլի, ուր շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից ավերվել են բազմաթիվ շենքեր եւ սպանվել են հարյուրավոր մարդիկ։ Սանտիագոյում նա կհանդիպի Չիլիի նախագահ Միշել Բաչելետի եւ նորընտիր նախագահ Սեբաստիան Պիներայի հետ։
Չորեքշաբթի օրը, Բրազիլիայում նա երկրի նախագահ Լուիզ Ինասիո Լուլա Դա Սիլվային կփորձի համոզել, որ աջակցի Իրանի դեմ ուղղված նոր պատժամիջոցներին։ Բրազիլիան ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ-մշտական անդամ է։