Մատչելի հղումներ

Հանդիպում Իրանի ու Սիրիայի միջեւ՝ հակառակ ԱՄՆ-ի կոչերին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Դամասկոսում հինգշաբթի օրը հանդիպում ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի հետ՝ համաձայնվելով շարունակել երկու երկրների միջեւ կապերի ամրապնդումը։


Այս հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի կողմից Սիրիային կոչ հղելուց մեկ օր անց։ Իր ուղերձում Քլինթընը հորդորել էր Սիրիայի իշխանություններին հեռու մնալ Իրանի հետ կապերից ու հրաժարվել Իրանի պաշտպանությունը վայելող, Լիբանանում գործող Հեզբուլլահ մահմեդական զինյալ խմբավորմանն աջակցելուց։

ԱՄՆ-ը վերջին ժամանակներս փորձում է բարելավել հարաբերությունները Սիրիայի հետ, սակայն կիրառում Իրանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու եղանակը։

Նախագահ Ահմադինեջադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի այս տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու ջանքերից։ Նա նաեւ ասել է, թե գծել է առանց ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Մերձավոր Արեւելքի պատկերը։

Իսրայելը շարունակ բողոքում է Հեզբուլլահին Սիրիայի աջակցության դեմ, իսկ Հեզբուլլահը՝ սպառնում, որ կտա հակահարված, եթե հրեական պետությունը փորձի հարձակվել ընդդեմ Լիբանանի։

Ահմանդինեջադն անցյալ շաբաթ ասել էր, թե իր երկիրը ամուր կկանգնի Հեզբուլլահի կողքին, եթե սկսվի նման հակամարտություն։ Նա ասել էր նաեւ, թե պատերազմ սկսվելու դեպքում Հեզբուլլահը պետք է ՝՝ի սպառ ոչնչացնի Իսրայելը՛՛։


XS
SM
MD
LG