Մատչելի հղումներ

Ավելի դժվարին գործընթաց


“Որևէ այլ փաստաթուղթ կամ գործընթաց չի կարող ավելի դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում, քան հայ-թուրքական համաձայնագրերի վավերացումն ու դրան հետևող հնարավոր զարգացումները”:

Փետրվարի 12-ին Վաշինգտոնի Ռազմավարական և Միջազգային Հետազոտությունների Կենտրոնում (CSIS), “Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարները. Հայացք Երևանից” խորագրով քննարկման ընթացքում այս կարծիքը հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանը, որը զեկույցով հանդես եկավ վաշինգտոնյան փորձագիտական շրջանակների և մամուլի համար նախատեսված հանդիպմանը, ներկայացրեց 2008 թվականից մինչ այս հայ-թուրքական գործընթացի համատեքստում տեղի ունեցած զարգացումները:
Նրա խոսքերով, Հայաստանի իշխանություններն արձանագրությունները դիտարկում են որպես կողմերի միջև երկխոսության սկզբնակետ:

“Արձանագրությունների հաստատման պարագայում ավելի դժվարին գործընթաց է սկսվելու:” Սահմանի բացումը, ըստ Վիգեն Սարգսյանի, միայն դրական ազդեցություն չէ, որ ունենալու է Հայաստանի տնտեսության վրա. “այն նոր մարտահրավերներ կբերի, հատկապես ներքին արտադրողների մրցունակության տեսանկյունից”, ասաց նա:

Բանախոսը գտնում է, որ եթե նույնիսկ հիմա Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ ունի Վրաստանի և եղբայրական Ադրբեջանի հետ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, Թուրքիայի համար լավագույն ճանապարհն է տարածաշրջանում իր ներկայությունը վերականգնելու տեսանկյունից:

Խոսելով Արցախյան հիմնահարցի և հայ-թուրքական գործընթացի հնարավոր կապվածության մասին` Սարգսյանն ասաց. “Տարածաշրջանում ներգրավվելով՝ Թուրքիան խնդիրների լուծումների վրա ազդելու ավելի լայն հնարավորություններ է ստանում, սակայն երկու գործընթացները միմյանց հետ շաղկապելն անիմաստ է”:

Այսուհանդերձ, համաձայնագրերը երկու երկրների օրենսդիրների կողմից հաստատվելու մասին խոսելիս, Վիգեն Սարգսյանն ասաց, որ եթե իրենք զգան, թե հակառակ կողմը շարունակաբար հետաձգում է Մեջլիսում համաձայնագրերը հաստատելու իր ստանձնած պարտավորությունը, ինչն ըստ բանախոսի, կնշանակի, որ գործընթացն ինքնանպատակ կդառնա, ապա հայկական կողմը կարող է չհաստատել դրանք:

Խոսելով միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Եվրամիության և գործընթացում ներգրավված այլ կողմերի մասին՝ Վիգեն Սարգսյանն այդ երկրներին և կառույցներին խորհուրդ տվեց արդեն իսկ մտածել նախաձեռնության տապալման պարագայում գործընթացից դուրս գալու ռազմավարություններ մշակելու մասին:

XS
SM
MD
LG