Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը հորդորում է Թուրքիայի խորհրդարանին վավերացնել հայ-թուրքական վերահաշտեցման արձանագրությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել է Թուրքիայի խորհրդարանին առաջ ընթանալ արձանագրությունների վավերացման ուղղությամբ։

Լոնդոնի Չաթամ Հաուս գիտահետազոտական հաստատությունում չորեքշաբթի ունեցած իր ելույթում նախագահ Սարգսյանը հայտարարել է, թե կարող է երաշխավորել Հայաստանի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը, պայմանով սակայն, որ Թուրքիայի խորհրդարանը առաջինն այն վավերացնի՝ առանց նախապայմանների։
Թուրքիան եւ Հայաստանը վերահաշտեցման արձանագրությունները ստորագրել են անցյալ հոկտեմբերին եւ այժմ սպասում են, իրենց երկրների խորհրդարանների վավերացմանը։ Այժմ այդ գործընթացը դանդաղել է եւ երկու կողմերը միմյանց մեղադրում են արձանագրությունների պայմանները փոխելու մեջ։

Արձանագրությունների նպատակն է վերջ դնել Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրագործված զանգվածային սպանությունների հետեւանքով երկու երկրների միջեւ մեկ դարից ի վեր շարունակվող թշնամանքին։

Հայերը ցանկանում են, որ Թուրքիան ընդունի, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրագործել։ Սակայն Թուրքիան համառորեն մերժում է այն ցեղասպանություն անվանել։ Պրն. Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը նախապես հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը նախապայման չի ծառայեցնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում։

Որոշ թուրք օրենսդիրներ քննադատել են վերահաշտեցման հեռանկարները՝ դիտել տալով, թե Թուրքիայի այդ քայլը դժգոհություն կպատճառի Ադրբեջանին։

Թուրքիան նաեւ հայտարարել է, թե Հայաստանի հետ կապերի նորմալացումը կախված է Լեռնային Ղարաբաղի բանակցությունների առաջընթացից։

Չաթամ Հաուսում ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահը վերահաստատել է Հայաստանի դժոհությունը Թուրքիայի այս մոտեցումից եւ ավելացրել է, թե հայ-թուրքական կապերի նորմալացումը ՛՛կարող է դրական օրինակ ծառայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։

XS
SM
MD
LG