Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ-ի Կոնգրեսի բանաձեւը քվեարկության կդրվի մարտի 4-ին


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին կանցկացնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի շուրջ քվեարկություն։ Այս մասին որոշումը կայացրել է հանձանժողովի նախագահ, մարդու իրավունքների ջատագով եւ Ամերիկայի հայկական համայնքի երկար տարիների աջակից, հանձնաժողովի նախագար Հաուըրդ Բերմանը։

Այս բանաձեւին նմանօրինակ բանաձեւ Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովն ընդունել է դեռեւս 2ՕՕՕ, 2ՕՕ5 եւ 2ՕՕ7 թվականներին, սակայն չնայած երկու կուսակցությունների կողմից արժանացած հավանությանը, այն չի հասել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ՝ հիմնականում նախկին նախագահներ Քլինթընի ու Բուշի վարչակազմերի ուժեղ ճնշումների պատճառով։
Ինչպես Ամերիկայի հայ դատի հանձնախումբն է հիշեցնում, Նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական արշավի ընթացքում բազմիցս է խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ իր հնչեղ աջակցությունը հայտնել հատկապես այս բանաձեւին։ Իսկ այսօր արդեն փոխնախագահ Ջո Բայդընը եւ արտգործնախարար Հիլարի Քլինթընը, դեռեւս որպես կոնգրեսականներ, իրենց ստորագրություններն են դրել բանաձեւի տակ։

Թիվ 252 բանաձեւը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատճաշ ըմբռնում դրսեւորի մարդու իրավունքներին, ազգային մաքրազտումներին, եւ ԱՄՆ-ի փաստաթղթերում արձանագրված Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերում։


2ՕՕ9 թվականի մարտ ամսին ներկայացված թիվ 252 բանաձեւը, որի գլխավոր հովանավորներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը, ինչպես նաեւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Մարք Քըրքը, այս պահին Կոնգրեսում ունի 135 աջակից։ Սենատորներ Բոբ Մենենդեսի եւ Ջոն Էնսայնի կողմից Սենատին ներկայացված համանման բանաձեւի աջակիցների թիվը 1ՕՕ հոգանոց Սենատում 13 է։


Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ամենայն հավանականությամբ կհաստատի բանաձեւը, սակայն հարց է, թե արդյոք հայ-թուրքական հաշտեցման գործընթացն այս բանաձեւի պատճառով խափանելու վտանգի մասին հայտարարություններով Օբամայի վարչակազմը ճնշում չի բանեցնի Ներկայացուցիչների պալատի նախագահ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ջատագով Նենսի Փելոսիի վրա, թույլ չտալու հարցի քննարկումը լիագումար նիստում։

XS
SM
MD
LG