Մատչելի հղումներ

Վոլ Ստրիթ Ջըրնըլ թերթը հայ-թուրքական հարաբերությունների մասին


Ամերիկյան հեղինակավոր ՛՛Վոլ Ստրիթ Ջըրնըլ՝՝ թերթի այսօրվա համարում ՛՛Թուրք-հայկական համաձայնությունը խոչընդոտի է հանդիպել՝՝ վերնագրով հոդվածը անդրադառնում է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից վերջրես արված հայտարարություններին։ Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք ՛՛Վոլ Ստրիթ Ջըրնըլ՝՝-ի հոդվածը.
՛՛Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ստորագրված արձանագրություններին ձախողման վտանգ է սպառնում։
Հայաստանը արձանագրությունների արագ հաստատման է ձգտում, մինչ Թուրքիան առավել երկար ժամանակ է տրամադրում արձանագրությունների հաստատմանը։ Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեծացրել է արձանագրության շուրջ մտահոգությունը հայտարարելով, թե համոզված է, որ Թուրքիան արձանագրությունները չի հաստատի, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանին չի վերադրաձրել գրավյալ տարածությունները, ներառյալ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շրջանը՝՝։
՛՛Տարածաշրջանում տիրող ընդհանուր կարծիքի համաձայն, Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի գրավյալ տարածքներից դուրս գալու գործում՝՝, ասել է պրն. Ալիեւը, Շվեյցարիայի Դավոս քաղաքում ՛՛Վոլ Ստրիթ Ջըրնըլ՝՝ թերթին տված հարցազրույցում։ Նա ասել է, թե չնայած անցյալում խստորեն քննադատել է Թուրքիայի դիրքորոշումը, ՛՛լիովին բավարարված է՝՝ հակամարտության մասին Թուրքիայի ըմբռնումով։
՛՛Եթե երկու խնդիրները փոխկապակցված չլինեին, ապա Հայաստանը հավանաբար կսառեցներ բանակցությունները Ադրբեջանի հետ՝՝, ասել է պրն. Ալիեւը եւ ավելացրել, թե հավատացած է, որ տնտեսական ճնշումները Հայաստանին բանակցությունների սեղանին մղող ամենակարեւոր դրդապատճառներից են։ Պրն. Ալիեւը անցյալում նախազգուշացրել է, թե առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ արդյունքում՝ բանակցությունների խզման պայմաններում, հայ-թուրքական բանակցությունների շարունակումը կհանգեցնի պատերազմի վերսկսման։
Լեռնային Ղարաբաղի խաղաղության 15-ամյա բանակցություններում առաջընթացի նշաններ չկան։ Սակայն Թուրքիայի դիրքորոշումը երկիմաստ բնույթ է կրում, քանի որ հայ-ադրբեջանական հողային վեճի մասին ոչինչ չի նշված հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում։
Թուրքիայի ղեկավարները, ներառյալ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել են, թե սահմանի բացումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը փոխկապակցված են։
՛՛Այժմ մենք մոտենում ենք մի պահի, երբ պայմանները գնալով դժվարանում են՝՝, ասել է Հայաստանի նախագահի աշխատակազմի պետի տեղակալ Վիգեն Սարգսյանը։ Հայաստանի նախագահի վրա գործադրվող ճնշումները՝ նրան դիվանագիտական այդ ջանքից դուրս մղելու նպատակով աճում են, մինչ նորից մոտենում է ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ-ի նախագահը պաշտոնական ուղերձով հիշատակում է 1,5 միլիոն հայերի սպանությունը։
Թուրքիայի պաշտոնատարները, մյուս կողմից, խոսում են անժամկետ մի գործընթացի մասին, որը կարող է մեկ կամ ավելի տարիներ տեւել։ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավիթօղլուն նույնպես վերջերս զայրույթ է արտահայտել Հայաստանի Սահմանադրական դատարանի այն որոշման առթիվ, ուր Դավիթօղլուի խոսքերով, փաստորեն, պայմաններ են դրվում հայ-թուրքական վերահաշտեցման արձանագրությունների վրա։ Հայաստանի նախագահը սակայն, հերքել է այդ հայտարարությունը։
Նախագահ Սարգսյանը հայտարարել է, թե չնայած Հայաստանի կառավարությունը արձանագրությունների հաստատման փաստաթղթերը ներկայացնում է Ազգային Ժողովին, այն նաեւ մշակում է մի օրենսդրություն, որը նախագահին ի վիճակի կդարձնի հրաժարվել արձանագրությունների իր ստորագրությունից։ ՛՛Եթե այս հնարավորությունը կորցնենք, ապա ամբողջ տարածաշրջանը կվերադառնա ոչ թե հայ-թուրքական բանակցությունների սկզբնական փուլին, այլ դրան նախորդող փուլերին՝՝, ասել է նախագահ Սարգսյանը եւ ավելացրել, թե դրա հետեւանքով կվերանա նաեւ փոխվստահությունը երկու երկրների միջեւ։
Թուրքիան Հայաստանի հետ ունեցած իր սահմանը փակել է 1993 թվականին, Լեռնային Ղարաբաղի եւ 7 այլ շրջանների գրավման դեմ բողոքելու համար։ Սակայն, ռուս-վրացական պատերազմի հետեւանքով Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր, թե պատրաստ է Հայաստանի մեկուսացմանը վերջ դնելու շուրջ բանակցություններ սկսել։
Պրն. Ալիեւը իր զայրութն է արտահայտել հայ-թուրքական բանակցությունների առնչությամբ, սպառնալով Թուրքիային զրկել Ադրբեջանի բնական գազի եւ նավթի առաքումներից։
Նա նաեւ զայրույթ է հայտնել Եվրամիության ծրագրած ՛՛Նաբուկո՝՝ անվամբ գազամուղի շինարարության ձգձգումների առթիվ, որը բնական գազի պաշարները Կասպից ծովի ավազանից՝ Թուրքիայի ճանապարհով կառաքի դեպի Եվրամության շուկաները։

XS
SM
MD
LG