Աշխարհի 70 երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցում Լոնդոնում տեղի ունեցող հանդիպմանը, որի նպատակն է Աֆղանստանում մղվող պատերազմի նոր ռազմավարության մշակումը:
Համաժողովին ելույթով է հանդես եկել նաև Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ով մասնավորապես նշել է, թե կայունության և խաղաղության վերականգնման տեսանկյունից Պակիստանն ու Սաուդիան Արաբիան կարևոր դերակատարություն կարող են ունենալ:
Քարզայն ասել է նաև, որ ինքը պատրաստվում է այսպես կոչված “մեծերի խորհուրդ” հավաքել (ջիրգա), Աֆղանստանի ժողովրդի հաշտեցման գործընթացը մեկնարկելու համար:
Որպես առաջին քայլ նշվել է թալիբների համար աշխատատեղեր ստեղծելու և այդ կերպ նրանց երկրի հասարակական կյանքի մեջ ներգրավելու ճանապարհը:
Քարզայի խոսքերով, Աֆղանստանում ծայրահեղական դարձած շատ խմբեր Ալ Քաիդայի կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամներ չեն: