Մատչելի հղումներ

Հայիթիի վարչապետը մեկնել է Կանադա


Հայիթիի վարչապետ Ժան-Մաքս Բելերիվը մեկնել է Կանադա‘ Հայիթիի վերականգնման աշխատանքների շուրջ կազմակերպված խորհրդաժողովին մասնակցելու համար։ Միաժամանակ, փրկության ջոկատները երկրաշարժից ավերված Հայիթիում սննդամթերք, ջուր եւ բժշկական օգնություն են մատակարարում երկրաշարժից տուժածներին։

Մոնրեալում տեղի ունեցող խորհրդաժողովին մասնակցողների թվում են ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը եւ մեկ տասնյակից ավելի երկրների արտգործնախարարներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած բազմաթիվ հայիթցիներ ապրում են վրանների մեջ եւ օգնության խիստ կարիք ունեն։ Հայիթիի կառավարությունը հայտարարել է, թե միայն Պորթոպրինսում երկրաշարժից զոհվել է ավելի քան 150,000 մարդ։

ՄԱԿ-ի գյուղատնտեսական զարգացումների գործակալությունը միջազգային նվիրատուներին հորդորում է կենտրոնանալ Հայիթիի գյուղատնտեսության վերականգնման վրա, դիտել տալով, թե բնակչության մեծամասնությունը ապավինում է տնտեսության այդ հատվածին, որը խիստ կարեւոր է երկրի հետագա զարգացման համար։


XS
SM
MD
LG