Մատչելի հղումներ

Բիլ Քլինթընը ղեկավարում է ՄԱԿ-ի օգնությունը Հայիթիին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հինգշաբթի օրը հայտարարել է, թե նախկին նախագահ Բիլ Քլինթընը, ով ՄԱԿ-ի հատուկ բանագնացն է Հայիթիում, կօգնի Հայիթիի տնտեսությունը վերաշխուժացնելու մի ծրագրի իրագործման աշխատանքներին։

՛՛Կանխիկ դրամ աշխատանքի դիմաց՝՝ նշանաբանով այդ ծրագրի նպատակն է հայիթցիներին կանխիկ դրամ վճարել վերականգնման այնպիսի աշխատանքների դիմաց, ինչպիսին օրինակ երկրաշարժի ավերակների հեռացումն ու փողոցների մաքրումն է։ Այդ ծրագրի համաձայն, մարդիկ օրական հինգ դոլար կստանան իրենց աշխատանքի դիմաց, ամսական վաստակելով 100 դոլար, ինչը հայիթցիների համար պատշաճ աշխատավարձ է։

Բիլ Քլինթընը լրագրողներին հայտնել է, թե երկրաշարժից առաջ ինքն արդեն իսկ աշխատում էր Հայիթիի զարգացման նախագծերի վրա եւ նոր հայտարարված ծրագիրը ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է։

ՄԱԿ-ը կոչ է արել, որ առաջիկա վեց ամիսներին ավելի քան 550 միլիոն դոլար հատկացվի արտակարգ օգնության ծրագրերին։ Սակայն ակնկալվում է, որ Հայիթիի վերակառուցման ծախսերը շատ ավելի բարձր կլինեն։

Առաջիկա երկուշաբթի, Կանադայում, բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը, կմասնակցեն Հայիթիին նվիրված մի խորհրդաժողովի։

Բիլլ Քլինթընն ու նախկին նախագահ Ջորջ Բուշը միասին ղեկավարում են ոչ-կառավարական օգնության մի ծրագիր՝ ի նպաստ Հայիթիի վերակառուցման եւ օգնության ջանքերի։

XS
SM
MD
LG