ՄԱԿ-ի տվյալներով, 2Օ1Օ թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացում առաջնային տեղ են ունենալու արեւելյան ու հարավային Ասիայի երկրները։
Այս կանխատեսումն է արված ՄԱԿ-ի տնտեսական հարցերով ամենամյա զեկույցում։ Ըստ այս զեկույցի, համաշխարհային տնտեսությունն այս տարի ակնկալում է 2.4 տոկոսի աճ, եթե շարունակվի տնտեսությանն աջակցող քաղաքականությունը։
Հակառակ դեպքում՝ եթե երկրների կառավարությունները հրաժարվեն տնտեսության խթանման ծրագրերից, համաշխարհային տնտեսությունն այս տարի նորից կարող է գնալ դեպի ճգնաժամ։
Արեւելյան Ասիայի երկրներում սպասվում է տնտեսական աճ, միջին հաշվով 6.7 տոկոսով։ Աշխարհում այս ամենաբարձր աճին կհետեւեն հարավային Ասիայի երկրները՝ 5.5 տոկոսի ցուցանիշով։
Ինչպես ՄԱԿ-ի տնտեսական վերլուծաբաններն են ասում, աշխարհի այս երկու հատվածները շատ ավելի լավ են հաղթահարել տնտեսական միջազգային ճգնաժամը, քան աշխարհի զարգացած երկրները։
Նոր զարգացող երկրներն այս տարի, ըստ նույն զեկույցի, կարող են ակնկալել մինչեւ 5.3 տոկոսի աճ։
ՄԱԿ-ի զեկույցը նշում է այն տխուր հանգամանքը, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Ասիայի ու աֆրիկյան երկրների աշխատավորների զգալի մասը ստիպված է եղել ընդունել այնպիսի աշխատանքներ, որոնք չեն առաջարկում սոցիալական ապահովագրություններ։