Միջազգային կազմակերպություններն ու աշխարհի շատ երկրների կառավարություններ մեծածավալ մարդասիրական օգնություն են նախատեսում Հաիթիում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժողներին օգնելու նպատակով:
Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Քի Մունն այս կապակցությամբ ասել է, թե ՄԱԿ-ը նախատեսում է անմիջապես 10 միլիոն դոլար հատկացնել աղետի գոտուն: Եվրամիությունն իր հերթին արդեն իսկ 4.3 միլիոն դոլար է խոստացել:
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիա Լուլա դե Սիլվան իր երկրի կողմից 10 միլիոն դոլարի և մոտ 14 տոննա պարենի աջակցություն է առաջարկել, իսկ միջազգային Կարմիր խաչի և Միջամերիկյան զարգացման բանկի համատեղ օգնությունը հասնելու է շուրջ 400.000 դոլարի:
Հայիթիի վարչապետ Ժան Մաքս Բելլերվիլի համաձայն երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհերի թիվն այս պահի դրությամբ անցնում է 100.000-ից: Կարմիր խաչը նշում է, որ երկրաշարժը տարբեր ձևերով ազդել է ավելի քան 3 միլիոն մարդկանց կյանքի վրա: