Մատչելի հղումներ

Միջուկային ֆիզիկայի գիտնական եւս մեկ զոհ Իրանում


Երեքշաբթի օրը Թեհրանում, իր տան մոտ մի մոտոցիկլում տեղադրված ռումբի պայթյունից սպանվել է Իրանի միջուկային ֆիզիկայի պրոֆեսոր 5Օ-ամյա Մասուդ Ալի Մոհամադին։
Ինչպես Թեհրանի դատարանի պաշտոնյաներն են ասում, հարցաքննության են ենթարկվում մի շարք կազմակերպությունների անդամներ։


Երկրի իշխանությունները, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, շտապում են սպանության մեջ մեղադրել Իրանի ժողովրդական մուջահեդդին ընդդիմադիր զինյալ խմբավորմանը, որը նրանց խոսքերով, գործում է Իսրայելի ու ԱՄՆ-ի հովանավորությամբ։
Այս կազմակերպությունը, սակայն հերքում է մեղադրանքները։
Արտգործնախարարությունը միեւնույն ժամանակ հայտարարում է, թե միջուկային ֆիզիկայի գիտնականի սպանությամբ չի տուժելու երկրի գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը։


Ալի Մոհամադին, որը մի քանի աշխատություններ ունի կվանտային ու տեսական ֆիզիկայի մասին, ըստ կառավարական աղբյուրների, եղել է ավագ գիտաշխատող, 1992 թվականին արժանացել Իրանում միջուկային ֆիզիկայի առաջին դոկտորի աստիճանին։ Սակայն այլ մանրամասնություններ նրա մասին չեն հրապարակվում։


Իրանի իշխանությունները հիշեցնում են, որ միջուկային հարցերով մեկ այլ գիտնական՝ Շահրամ Ամիրին հունիս ամսին անհետացավ Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացության ժամանակ։ Ավելի վաղ՝ 2ՕՕ7 թվականին գազի թունավորումից մահացավ միջուկային գիտնական Արդեշիր Հոսեինփուրը։
Իրանը հայտարարում է, թե տեղ ունի կասկածելու այս տարածաշրջանում Իրանի հզորությունից ամենաշատը մտահոգված Իսրայելին, նրա Մոսադ լրտեսական գործակալությանը։


Ի դեպ, Ալի Մոհամադին նախագահական ընտրություններում ու դրանից հետո սկսված հակակառավարական գործողություններում ընդդիմության առաջնորդ Միր Հուսեին Մուսավիի աջակիցն էր։

XS
SM
MD
LG