Մատչելի հղումներ

Հատուկ խստություններ 14 երկրներից ժամանողների համար


ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան օրը մարդատար օդանավ պայթեցնելու փորձից հետո, ամերիկյան օդանավակայաններում ուժեղացվել են հատկապես 14 երկրներից ժամանած անձանց ստուգումները։

ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության վարչությունը կիրակի օրը հայտարարել է, թե յուրաքանչյուր անձ, ով ժամանում է ՛՛ահաբեկչությունները հովանավորող երկրներից, կամ այն երկրներից, որոնք գտնվում են նման շրջանակներում՛՛, ենթակա են ՝՝ուժեղացված ստուգումների՛՛։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ահաբեկչությունները պետության կողմից հովանավորող երկրներ է համարում Կուբան, Իրանը, Սուդանն ու Սիրիան։ Խիստ ստուգումների են ենթարկվելու նաեւ Աֆղանստանի, Ալժիրից, Իրաքից, Լիբանանից, Լիբիայից, Նիգերիայից, Պակիստանից, Սաուդյան Արաբիայից, Սոմալիից ու Եմենից ԱՄՆ ժամանող անձինք։
Նախատեսվում են մարմնի ստուգումներ ձեռքերով, ինչպես նաեւ՝ հատուկ նկարահանող սարքերով։


Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, թե իր երկրում եւս նախատեսվում են նման միջոցներ, այդ թվում՝ մարմնի լիակատար նկարահանում։ Նման ստուգումների ենթարկվելու են բոլոր ուղեւորները։


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրահանգել է ավելի խորը հետազոտել 23-ամյա նիգերիացու կողմից դեպի Դետրոյթ թռչող օդանավը պայթեցնելու փորձի հետ կապված մանրամասնությունները, ինչի շուրջ երեքշաբթի օրը քննարկումներ է Սպիտակ տանն անցկացնելու անվտանգության հարցերով իր վարչակազմի պաշտոնյաների հետ։


XS
SM
MD
LG