Մատչելի հղումներ

Թուրքիան սահմանափակում է կրոնական ազատությունները


Թուրքիայում Արեւելյան Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարթողոմեոս Պատրիարքը ամերիկյան մի հեռուստակայանի տված հարցազրույցում հայտարարել է, թե Թուրքիայի ղեկավարները, ներառյալ վարչապետը, անտարբերություն են ցուցաբերում Թուրքիայում կրոնական անհավասարության շուրջ ծագած խնդիրների նկատմամբ։ Թուրքիայի կառավարությունը խիստ քննադատել է այդ հարցազրույցը։

Բարթողոմեոս Պատրիարքը Թուրքիայի քաղաքացի է, սակայն ազգությամբ պատկանում է Թուրքիայի հունական փոքրաթիվ համայնքին։ Անցյալ դարի սկզբներին ուղղափառ քրիստոնյաների թիվը Թուրքիայում կազմում էր ավելի քան երկու միլիոն։ Սակայն մեկուկես միլիոն հույն արտաքսվել է Թուրքիայից, Հունաստանի հետ բնակչության փոխանակման համաձայնությամբ, իսկ 150,000 հույներ էլ Թուրքիայից հեռացել են 1955 թվականին, Ստամբուլում քրիստոնյաների դեմ իրագործված բռնարարքների հետեւանքով։

Բարթողոմեոս Պատրիարքը հարցազրույցում ասել է, թե Թուրքիայում ապրող հույները լիիրավ քաղաքացի չեն նկատվում։ Նա ասել է նաեւ, թե Ստամբուլը հույն քրիստոնյաների համար, որպես սրբավայր հավասարազոր է Երուսաղեմին եւ հույն քրիստոնյաները գերադասում են այնտեղ ապրել նույնիսկ, նրա բառերով, ՛՛խաչելության՝՝ վտանգի պայմաններում։

Հունաստանի արտգործնախարարը պաշտպանել էր Բարթողոմեոս Պատրիարքի այդ հայտարարությունը, սակայն Թուրքիայի արտգործնախարարը քննադատել էր ՛՛խաչելություն՝՝ բառի օգտագործումը, այն բնութագրելով, որպես չափազանց անհաջող համեմատություն։

Սակայն այս ամենի հիմքում ընկած է Թուրքիայում գործող միակ Ուղղափառ դպրեվանքի փակման որոշումը։ Քանի որ Թուրքիան միայն Թուրքիայում ծնված քաղաքացիներին է վերապահում պատրիարք դառնալու իրավունքը, հետեւաբար դպրեվանքը փակելու որոշումը, փաստորեն, Ուղղափառ եկեղեցուն զրկում է կրոնական ապագա առաջնորդներ կրթելու հնարավորությունից։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նույնպես այս առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել, դեռեւս այս տարվա սկզբներին, Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում։ ՛՛Կրոնի եւ խոսքի ազատությունը տանում են դեպի հզոր եւ կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը եւ ամրապնդում է պետության հիմքերը։ Հետեւաբար, ՛՛Հալկի՝՝ դպրեվանքի վերաբացումը կարեւոր ազդանշան է Թուրքիայի ներքին կյանքում՝՝, հայտարարել էր նախագահ Օբաման։ Նա այդ հարցը բարձրացրել էր նաեւ դեկտեմբերին, Թուրքիայի վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրդոգանի Վաշինգտոն կատարած այցելության ընթացքում։

Եվրամիությունը եւս հանդես է գալիս դպրեվանքը վերաբացելու հայտարարություններով։
Սակայն Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, թե դպրեվանքը կվերաբացվի միայն այն պայմանով, որ այն ներգրավվի Թուրքիայի պետական համալսարանական կառույցում։ Սակայն, Բարթողոմեոս Պատրիարքը մերժել է այդ առաջարկը, պնդելով, թե կրոնական առաջնորդներ կրթելու դպրեվանքի առաքելությունը անհնար է իրագործել համալսարանական կառույցի ներսում։

Փյու գիտահետազոտական հիմնադրամի վերջերս հրապարակած մի ուսումնասիրության համաձայն, Թուրքիան 14-րդ տեղն է գրավում կրոնական ազատությունները սահմանափակող աշխարհի երկրների ցանկում։ Կրոնական ազատության հարգումը Եվրոամիության անդամակցության համար անհրաժեշտ ամենակարեւոր նախապայմանն է։ Որոշ վերլուծաբանների համաձայն, կրոնական ազատության շուրջ այս բանավեճը չի նպաստում Եվրամիության անդամակցության Թուրքիայի հնարավորություններին։

XS
SM
MD
LG