Եմենի իշխանությունները հայտարարել են, թե ամերիկյան մարդատար ինքնաթիռը կործանելու փորձի մեջ մեղադրվող նիգերիացի երիտասարդը ամիսներ շարունակ, ներառյալ դեկտեմբերի ընթացքում, ապրել է Եմենում։
Եմենի արտգործնախարարությունը հայտարարել է, թե 23-ամյա Ումար Ֆարուկ Աբդուլմութալաբը Եմենում է ապրել օգոստոսի սկզբից մինչեւ դեկտեմբեր։ Եմենի իշխանությունները նրան մուտքի վիզա են տրամադրել մայրաքաղաքում գտնվող մի հաստատությունում արաբերեն լեզվի դասընթացների հաճախելու համար։
Աբդուլմութալաբը ամբաստանվում է Սուրբ Ծննդյան օրը Ամստերդամից դեպի Դիթրոյթ թռչող ՛՛Նորթվեստ՝՝ ավիաընկերության ինքնաթիռը կործանելու փորձի մեջ։ Իշխանությունների համաձայն, նա անհաջող կերպով փորձել է իր ներքնազգեստում թաքցրած սարքը պայթեցնել, Դիթրոյթի օդանավակայանում ինքնաթիռի վայրեջք կատարելուց առաջ։
Կասկածյալ ահաբեկիչը հայտարարել է, թե իրեն մարզել են ալ-Քաիդայի գործակալները Եմենում։