Իրանի պաշտոնատար անձինք դատապարտում են այն երկրների ղեկավարներին, ովքեր քննադատել են կիրակի օրն այստեղ սկսված անհանգստությունների ժամանակ իշխանությունների կողմից իրականացված հակաքայլերը։
Իրանի խորհրդարանն ընդունել է մի հայտարարություն, որտեղ ասված է, թե Իրանի ընդդիմությանը գովաբանելու քայլով, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստվեր է գցում իր իսկ հեղինակության վրա։
Օբաման երկուշաբթի օրն ասել էր, թե ինքը դատապարտում է ՝՝անմեղ իրանցիների դեմ բռնի ու անարդար ճնշամիջոցները՛՛։ Նա նաեւ իր ՝՝խորը հիացմունքն է արտահայտել իրանցիների խիզախության նկատմամբ, ովքեր պայքարում են հանուն մարդկային իրավունքների՛՛։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը նույնպես գովեստի խոսքեր է ասել Իրանի ընդդիմության հասցեին՝ բողոքի ելած ժողովրդին անվանելով ՝՝խիզախ ու նվիրյալ՛՛։
Իրանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ նրան ներակայացնելու Իրանի ներքին գործերին միջամտելու դեմ բողոք։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, թե իր դեսպանը պատրաստ է տալ համապատասխան պատասխան ու հղել մարդու իրավունքները հարգելու կոչ։
Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքին ասել է, թե Մեծ Բրիտանիայի ՝՝բերանին կհասցվի բռունցքի հարված, եթե այն չդադարեցնի անմիտ ու անիմաստ քայլերը՛՛։
Թեհրանը հայտարարում է, թե Արեւմտյան երկրները սխալվում են, կարծելով, թե մի քանի հազար ցուցարար ներկայացնում են Իրանի տասնյակ միլիոնավոր ազգաբնակչությանը։