Մատչելի հղումներ

Մահապատիժ Չինաստանում՝ բրիտանացու նկատմամբ


Մեծ Բրիտանիան կանչել է Լոնդոնում Չինաստանի դեսպան Ֆու Յինգին, բողոքելով այդ երկրում բրիտանական մի քաղաքացու՝ թմրանյութերի առեւտրի մեջ մեղադրվող Աքմալ Շաիխի մահվան դատավճիռն ի կատար ածելու փաստի դեմ։

Մահապատժը քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի ու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների կողմից, ովքեր ասում են, թե Չինաստանի իշխանություններն անտեսել են մեղադրյալի առողջական իրավիճակը։ Նա տառապել է մտավոր թերություններով։

Ի պատասխան, Չինաստանը հորդորում է Մեծ Բրիտանիային հարգել իր օրենքները։ Չինաստանի դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե Շաիխը Չինաստան է ներկրել ավելի քան 4ՕՕՕ գրամ կոկաին, ինչը բավարար է 27 ՕՕՕ մարդ սպանելու համար։ Հայտարարության մեջ ասված է նաեւ, թե հարգվել են մեղադրյալի շահերն ու իրավունքները։

Շաիխի մահվան վճիռն ի կատար է ածվել թունավոր նյութի ներարկման եղանակով անմիջապես այն բանից հետո, երբ Չինաստանի Գերագույն դատարանը երեքշաբթի օրը տվել էր դրա արտոնությունը։

Քննության ժամանակ ու դատարանում Շաիխը շարունակ պնդել է, որ ինքը ոչինչ չի իմացել պայուսակի պարունակության մասին, որը, նրա խոսքերով, իրեն էր տվել անծանոթ մի մարդ։
Շաիխի ծանոթներն ասում են, թե նա Չինաստան էր մեկնել երգի մրցույթում գերաստղ դառնալու ակնկալիքով՝ հակառակ նրան, որ չուներ երգելու որեւէ ձիրք կամ կարողություն։

XS
SM
MD
LG