Մատչելի հղումներ

Թաիլանդում սկսվեցին զանգվածային տեղահանություններ


Թաիլանդում բանակային ուժերը երկուշաբթի օրը սկսեցին բռնությամբ Լաոս վտարել մոնգ ազգային խմբին պատկանող 4ՕՕՕ մարդու, ովքեր այստեղ էին ժամանել քաղաքական ապաստան որոնելու նպատակով։ Թաիլանդի իշխանություններն այսպիսով անտեսում են այդ քայլից հրաժարվելու մասին միջազգային համայնքի հորդորները։ Մեծ է հնարավորությունը, որ այս մարդիկ Լաոսում ենթարկվեն խիստ դատաստանի։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մի հայտարարություն, որտեղ ասված է, թե ՝՝բռնի արտաքսումը մարդասիրական միջազգային սկզբունքների լուրջ ոտնահարում է՛՛։
Նույն հայտարարությունը հորդորում է Թաիլանդի իշխանություններին դադարեցնել վտարման գործողությունները, իսկ Լասոին՝ կոչ անում ՝՝մարդկային վերաբերմունք ցուցաբերել ոչ իրենց կամքով հետ վերադարձող մոնգի անդամների նկատմամբ՛՛։

Թայլանդի կառավարության խոսնակը հերքում է մոնգի անդամներին բռնի ուժով արտաքսելու մասին լուրերը։ Նրա խոսքերով, իր երկրի օրենքների համաձայն, մոնգի անդամներն անօրինական ներգաղթյալներ են եւ նրանց վերաբերվում են համաձայն այդ օրենքների։


Մոնգի անդամները, ովքեր ապրել են Թաիլանդի Պետչուբուն նահանգում, ասում են, թե հետ վերադարձի դեպքում իրենց դեմ կգործի կոմունիստական Լաոսի հաշվեհարդարի քաղաքականությունը։


Վիետնամական պատերազմի տարիներին մոնգի անդամները հավաքագրվում էին ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից։ 1975 թվականին սկսվեց Վիետնամից ու Լաոսից նրանց զանգվածային արտահոսքը, երբ այդ երկրներում ամերիկյան ուժերի հետքաշումից հետո հաստատվեցին կոմունիստական կարգեր։
Նրանցից տասնյակ հազարավորները բնակություն հաստատեցին ԱՄՆ-ում։


XS
SM
MD
LG