Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Բրիտանական Channel 4 հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին վերագրվող մեղադրանքները վերածվել են “հեռուստասերիալի”: Դա նրա արձագանքն էր արեւմտյան մտահոգություններին, թե միջուկային վառելիքի խաղաղ գործարկման անունից Իրանն իրականում քողարկում է միջուկային զենքի ստեղծման իր քայլերը:
Ահմադինեջադն ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը “նորություն չէ”: Նա մերժել է ԱՄՆ-ի պահանջները` մինչեւ տարեվերջ ընդունել ՄԱԿ-ի մշակած միջուկային պայմանագիրը` այդ վերջնաժամկետն “անիմաստ” համարելով:
Պայմանագրի նախագիծն առաջարկում է, որ նախնական հարստացումից հետո իրանական ուրանը վերջնական հարստացման ենթարկվի արտասահմանում` Իրանի ատոմակայաններում սպառելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների հավանականության մասին, եթե Թեհրանը չենթարկվի վերջնաժամկետին:
Չինաստանը, որը վետոյի իրավունք ունի Անվտանգության խորհուրդում, կոչ է արել վեճը լուծել Իրանի հետ ավելի ակտիվ բանակցությունների եւ երկխոսության միջոցով: