Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի առողջապահական համակարգի բարեփոխումների ծրագիրը հաստատվեց Սենատում


ԱՄՆ-ի Սենատը հաստատեց առողջապահական համակարգի բարեփոխումների մասին օրենքի նախագիծը, ըստ որի բժշկական ապահովագրությունը հասանելի կդառնա մինչ այժմ չապահովագրված 3Օ միլիոն ամերիկացիների համար։

Հինգշաբթի օրը վաղ առավոտյան ժամը 7-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում բանաձեւն ընդունվեց ձայների 6Օ-ը 39-ի հարաբերությամբ։ Ընդ որում, հանրապետական փոքրամասնությունը միաձայն կերպով դեմ է քվեարկել բանաձեւին։

Սենատում բանաձեւը հաստատվելու փաստը հաղթանակ է նշանակում նախագահ Բարաք Օբամայի համար, որը առողջապահական համակարգում բարեփոխությունների իրականացումը դարձրել էր իր գործունեության առանցք։

Բացի ապահովագրական համակարգն ավելի մեծաթիվ անձանց հասանելի դարձնելու հանգամանքից, օրենսդրության համաձայն ապահովագրական ընկերություններն այլեւս չեն ունենա նախկինում առողջական խնդիրներ ունեցող անձանց ապահովագրվելու հնարավորությունից զրկելու իրավունք։

Մինչ այս բանաձեւը, երկրի նախագահի ստորագրությունը կրելուց հետո, օրենք դառնալը, պետք է դրվի Կոնգրեսի զույգ պալատների համատեղ նիստի քննարկմանը։ Դրա նպատակը երկու պալատներում հաստատված տարբերակների միջեւ առկա տարբերությունները վերացնելն է։

Սենատի նիստը, որի ժամանակ հաստատվեց բանաձեւը, վարում էր երկրի փոխնախագահ Ջո Բայդընը, որն ըստ սահմանադրության, համարվում է նաեւ Սենատի նախագահ։

XS
SM
MD
LG