Մատչելի հղումներ

Օսամա Բին Լադենի ընտանիքի որոշ անդամներ Թեհրանում են


Օսամա Բին Լադենի որդիներից մեկը հայտարարել է, թե ալ-Քաիդայի ղեկավարի անմիջական ընտանիքը ապրում է Իրանում գտնվող գաղտնի մի համալիրում։

Լոնդոնում լույս տեսնող Թայմզ եւ Սաուդյան Արաբիային պատկանող մի թերթի համաձայն, Օմար Բին Լադենը ասել է, թե իր եղբայրներից մեկը հեռախոսային մի զրույցում ասել է, թե ինքն ապրում է Իրանում, իր հինգ եղբայրների, քույրերի եւ Օսամա Բին Լադենի կանանցից մեկի հետ։

Նա ասել է, թե նախկինում իրենք ապրել են Աֆղանստանում, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո փախել են այնտեղից։

Օմար Բին Լադենն ասել է նաեւ, թե Իրան մուտք գործելուց հետո իր ընտանիքի անդամները արգելափակվել են Թեհրանի մոտ։ Նրանք պահվում են խիստ հսկողության տակ եւ հազվադեպ են ստանում իրենց համալիրից դուրս գալու արտոնություն ։

Օմարը նաեւ հայտարարել է, որ իր քույրերից մեկին հաջողվել է ապաստան գտնել Սաուդյան Արաբիայի դեսպանատանը եւ մինչեւ օրս այնտեղ է ապրում՝ սպասելով Իրանից հեռանալու արտոնությանը։

Ալ Ջազիրա հեռուստակայանը իր ինտերնետային կայքէջում հաղորդում է, որ Իրանի արտգործնախարարությունը հերքել է, թե Թեհրանը պատանդ է պահում Բին Լադենի ընտանիքի անդամներին։

XS
SM
MD
LG