Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր մեկնում է Նորվեգիա, խաղաղության ոլորտում իրեն շնորհված Նոբելյան մրցանակը ընդունելու համար։ Նա ասում է, թե համեստորեն ընդունում է այդ մրցանակը, սակայն վստահ չէ, եթե իր կատարած աշխատանքները բավարար են այդ պատվին արժանանալու համար։
Նոր հարցախույզի արդյունքների համաձայն, ամերիկացիները կարծում են, որ նախագահ Օբաման արժանի չէ այդ մրցանակին։ Քուինիփաք համալսարանի իրագործած հարցախույզի արդյունքներում նշված է, որ այդ կարծիքին է հարցախույզին մասնակցած մոտ 2,300 ամերիկացիների 66 տոկոսը։
Պրն. Օբաման հայտարարել է, թե խորապես երախտապարտ է Նոբելյան մրցանակի համար, սակայն կարծում է, որ այդ մրցանակը գնահատականն է ոչ թե իր սեփական նվաճումների, այլ՝ համայն աշխարհի մարդկության ձգտումների օգտին ամերիկյան ղեկավարության կատարած աշխատանքների։
Ոմանք, սակայն, հեգնանքով շեշտում են այն փաստը, որ խաղաղության մրցանակ է շնորհվել պատերազմական շրջանում պաշտոնավարող նախագահի։ Սպիտակ Տունը հայտարարել է, թե պրն. Օբաման ծրագրում է անդրադառնալ Աֆղանստանի պատերազմին եւ շեշտել այն փաստը, որ ինքը խաղաղության մրցանակը ընդունում է՝ լրացուցիչ զորքեր Աֆղանստան ուղարկելու իր հայտարարությունից հետո։