Մատչելի հղումներ

Նորից բողոքի ցույցեր Իրանի մայրաքաղաքում


Իրանի ոստիկանական հատուկ ջոկատները Թեհրանում բախվեցին ընդդիմության աջակիցների հետ, երբ Իրանի ուսանողության օրվա կապակցությամբ վերջիններս պատրաստվում էին հակակառավարական ցույցեր սկսել մայրաքաղաքում։


Ականատեսների վկայությամբ հարյուրավոր ոստիկաններ՝ մահակների ու արցունքաբեր գազի կիրառմամբ փորձում էին ցրել Թեհրանի կենտրոնում հավաքված մարդկանց հոծ բազմությունը։ Ոստիականությունը սկսել է օդ արձակել նախազգուշացնող կրակ, երբ մարդիկ վանկարկում էին ՝՝Մահ բռանակալին՛՛ կոչը։ Ոստիկանների մի մասն էլ փակել է դեպի Թեհրանի համալսարան տանող փողոցները, որտեղ նույնպես հավաքներ էին կազմակերպել բարեփոխությունների կողմնակից ուսանողները։


Իրանի Ուսանողության հիշատակի ազգային օրը մարդիկ այստեղ հարգում են 1953 թվականին հակաամերիկյան ցույցերի ժամանակ զոհված իրանցի երեք ուսանողների հիշատակը։
Այս տարի բարեփոխությունների կողմնակիցները նպատակ ունեին պետության կողմից հովանավորվող այդ տարելիցի օրը վերածել նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կառավարության դեմ բողոքի ակցիայի։

Կիրակի օրվանից Իրանում անջատվել է ինտերնետային կապը, չի գործում բջջային հեռախոսների ցանցը։ Իշխանություններն արգելել են նաեւ, որ օտարերկրյա որեւէ լրատվամիջոց այստեղից տեղեկություններ հաղորդի ընթացող իրադարձությունների մասին։
Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմին կիրակի օրը դատապարտել է երկրի իշխանություններին՝ կառուցողական որեւէ քննադատություն լռեցնելու ջանքերի համար։
Իրանի կրոնական ղեկավարությունը հորդորում է հակակառավարական ցույցերի կազմակերպիչներին իրենց տեսակետներն արտահայտել ՝՝օրենքի սահմաններում՛՛։

Բողոքի ալիքը տարածվում է դեպի Մաշադ, Քերման եւ Սպահան քաղաքները։

XS
SM
MD
LG