Մատչելի հղումներ

Մահափորձ Գվինեայի զինվորական կառավարչի դեմ


Գվինեայի ռազմական կառավարիչ Կապիտան Մուսա Դադիս Կամարան մահափորձի արդյունքում գլխից ստացած վնասվածքի հետեւանքով տեղափոխվել է Մարոկո։ Գվինեայի հեռուսատատեսությունը հաղորդում է, թե վնասվածքը նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Մարոկոյի իշխանությունները հայտարարում են, թե մեկ տարի առաջ Գվինեայի նախագահի մահից հետո երկրի իշխանությունը բռնի զավթած զինվորականին բուժօգնություն են ցուցաբերում պարզապես մարդասիրական նկատառումներով։

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների հաղորդման համաձայն, փոխհրաձգությունը սկսվել է կապիտան Կամարայի օգնականներից Թոումբա մականունը կրող լեյտենանտի հետ առաջ եկած վիճաբանությունից հետո։

Թոումբան բանտից ազատ է արձակել նախագահական թիկնապահ խմբի այն անդամներից մեկին, որը մեղադրվում էր ինն այլոց հետ միասին ընդդիմադիր ցուցարարների դեմ երկու ամիս առաջ իրականացրած ջարդի մեջ։

Կամարան հրազենային հարձակման է ենթարկվել հետաքննություն անցկացնելու նպատակով Թոումբայի հենակետն այցելելու ժամանակ։ Թոումբային ձերբակալելու մասին այժմ շրջում են իրարամերժ լուրեր։

Ի դեպ, Թոումբան է մեղադրվում ընդդիմության դեմ անվտանգության ուժերի իրականացրած հարձակումը ղեկավարելու համար։ Այդ ջարդից հետո, որի ընթացքում սպանվել էր 15Օ ցուցարար, Գվինեայում սկսվել էր քաղաքական ճգնաժամ։


XS
SM
MD
LG