Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը եւս 3Օ հազար հավելյալ զորքեր է ուղարկում Աֆղանստան


Շարունակաբար աճող քննադատությունների և ճնշումների լույսի ներքո դեկտեմբերի 1-ի երեկոյան, Բարաք Օբաման ելույթով հանդես եկավ Միացյալ Նահանգների Վեսթ Փոինթ Ռազմական Ակադեմիայում:
“Նախ ցանկանում եմ հիշեցնել, թե ինչու ենք մենք ներգրավվել այս պատերազմին: Հարկ եմ համարում հիշեցնել, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ մեկտեղ իր կամքով չէ, որ սկսել է այս պատերազմը: Այն արդյունք էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման, որ իրագործվեց Ալ Քաիդա խմբավորումը, իսկ վերջիններս տեղակայված էին Աֆղանստանի տարածքում` թալիբների հովանու ներքո”:
Պատերազմի անհրաժեշտությունը հիմնավորելուց հետո, Օբաման խոսեց իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցածից, ինչպես նաև անձամբ իր` որպես ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարի որոշումներից.


“Ես ուզում եմ որպեսզի մի բան հստակ լինի, մինչև 2010 թվականը Աֆղանստանում մեր բանակը համալրելու խնդիր ես չեմ ունեցել, սա կապված էր ինչպես այդ երկրում տեղի ունեցող ընտրությունների, այնպես էլ իմ և իմ թիմի կողմից հնարավոր բոլոր տարբերակները վերլուծելու հանգամանքներով: Այժմ, ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր երկրի ազգային անվտանգությունն է պահանջում ևս 30.000 զինվորների Աֆղանստան ուղարկելը, միաժամանակ 18 ամիս անց ամերիկյան զինվորները կլինեն տունդարձի ճանապարհին”:


Պնդումներն այն մասին, թե Աֆղանստանը նոր Վիետնամ է դառնում, այն առումով, որ ամերիկացիները պարզապես լքում են տարածքն առանց լուծումների, Օբաման գնահատեց որպես պատմության տարընթերցում.
“Ի տարբերություն Վիետնամի մեր այս պատերազմն օրինականացվում է ավելի քան 40 երկրներից մեր դաշնակիցների ներգրավվածությամբ, միաժամանակ մեր դեմ պայքարի չի ելել աֆղանստանի ժողովուրդը և ի վերջո, եթե Վիետնամում մենք հայտնվել էինք մեր իսկ ընտրությամբ ապա այս պատերազմը մեզ պարտադրվել է”:


Իր խոսքի ավարտին ԱՄՆ-ի նախագահն ասաց, որ ի տարբերություն հին ուժերի, Միացյալ Նահանգներն աշխարհի տիրակալը դառնալու նպատակ չունի, առավել ևս այլ երկրների բնական պաշարներին տիրանալու, կամ կրոնական ու էթնիկական տարբերությունների պատճառով:
“Մենք պայքարել և պայքարում ենք մեր երեխաների ու թոռների ապագան բարելավելու համար և հավատում ենք, որ դրան հնարավոր կլինի հասնել, եթե աշխարհի մյուս ժողովուրդների երեխաներն ու թոռներն ապրեն ազատության մեջ”, ասաց նա:

XS
SM
MD
LG