Ուկրայինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, թե նոյեմբերի 26-ին ռուս-ուկրայնական սահմանը հատել ցանկացող իր երկրի քաղաքացու սպանությունն էլ ավելի է բարդացնում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը:
Ըստ Յուշչենկոյի, ռուսական սահմանապահների կողմից իրականացված այս սպանությունը պատահական միջադեպ չէ: Նոյեմբերի 27-ի իր ելույթում, նա կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին համապարփակ հետաքննություն իրականացնել դեպքի վերաբերյալ:
Նախնական տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Խարկով քաղաքից ոչ հեռու գտնվող` ռուս-ուկրայնական սահմանային հատվածում: Ռուսական կողմի պնդումների համաձայն, մեքենայի ուղղությամբ կրակոցները սկսվել են սահմանն ապօրինաբար անցնող քաղաքացուն ուղղված` ռուս սահմանապահների կողմից մի քանի նախազգուշացումներից հետո:
Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, վարորդը փորձել է ապօրինաբար մոտորանավակների պահեստամասեր տեղափոխել սահմանից այն կողմ: