Մատչելի հղումներ

Ո՞վ է լինելու Եւրոպական Միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը


Եւրոպական Միության 27 ղեկավարները հինգշաբթի օրը բուռն ու լարված քննարկումներ էին անցկացնում որոշելու համար, թե ով է լինելու այս միության լիարժեք հաստիքով առաջին նախագահը եւ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուն։
Այս հարցում Միության ղեկավարները համաձայնության գալ դեռեւս չեն կարողանում։ Իսկ ժամանակը սուղ է, քանի որ այս պաշտոնների թափուր տեղերը հարկավոր է լրացնել մինչեւ դեկտեմբերի 1-ին Միության նոր բարեփոխումների պայմանագիրը կմտնի ուժի մեջ։


Այսօր դրված է հետեւյալ հարցը, թե ինչպես է Եւրոպական Միությունը եկող տարիներին ներկայանալու աշխարհի առջեւ։ Իսկ նախագահի եւ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատուի ընտրությունից մեծապես է կախված միջազգային կարեւորագույն հարցերում այս կառույցի հեղինակությունը։
Այս պահին Միության նախագահի համար հետաքրքրված է քաղաքական մի քանի գործիչ։ Նրանց մեջ առավել նկատելի է Բելգիայի վարչապետ Հերման Վան Ռոմփույը։ Նրա թեկնածությանը սակայն դեմ է Մեծ Բրիտանիան, որը փորձում է այս պաշտոնում տեսնել իր նախկին վարչապետ Թոնի Բլեերին, պնդելով, թե Միությունը զգում է բարձր մակարդակի նախագահ ունենալու կարիք։


Մյուս թեկնածուներն են Նիդերլանդների եւ Լյուքսեմբուրգի վարչապետերը, Էստոնիայի նախագահը եւ Լատվիայի նախկին նախագահը։
Սակայն դեռեւս չկան մինչ այժմ այս միության մղիչ ուժ դարձած Ֆրանսիայից ու Գերմանիայից թեկնածուներ։


Եւրոպական Միության երկրներում մարդիկ ամենաշատը ճանաչում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին, սակայն ամենահակասական տեսակետները եւս հնչում են նրա հասցեին։
Ի դեպ, Եւրոպական Միության բարեփոխումների պայմանագրում ոչինչ ասված չէ նախագահի պարտականությունների մասին։ Գլխավոր նպատակը մինչ այժմ եղել է համաշխարհային ասպարեզում այս կառույցին մեծ որակ հաղորդելու հանգամանքը։ Այժմ ուժը մի տեսակ տեղաշարժ է կատարում դեպի Եւրոպական Միության արտաքին գործերի նախարարի կողմը, որն իր հեղինակավոր ասելիքը կունենա Միության տարեկան 7 միլիարդ երոյի չափով արտաքին հատկացումների եւ նոր, մոտ 5ՕՕՕ թվակազմով դիվանագիտական անձնակազմի ղեկավարման հարցերում։


Եւրոպական Միության նախագահն իրականում լինելու է կապավոր՝ Միության անդամ երկրների մայրաքաղաքների միջեւ։ Մյուս պարտականությունը տարեկան 5-6 հանդիպումներում նախագահելն է։

XS
SM
MD
LG