Մատչելի հղումներ

900 նոր տներ Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում


Նոյեմբերի 16-ին Իսրայելի կառավարությունը որոշել է մոտ 900 նոր տներ կառուցել Երուսաղեմի պաղեստինաբնակ տարածքներում: Քաղաքի Գիլո անունը կրող թաղամասում 40.000 պաղեստինցիներ են բնակվում:

Իսրայելական այս նախագծի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների իշխանություններն արդեն իսկ անհանգստություն են հայտնել: Մասնավորապես Սպիտակ տան խոսնակ Ռոբերթ Գիբսը խնդրի վերաբերյալ խոսելիս ասել է, թե իրենք հիասթափված են Իսրայելի գործողություններից:

Բարաք Օբաման իր հերթին նշել է, թե Իսրայելի գործողություններն է´լ ավելի են բարդացնում խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը:

Մեծ Բրիտանիան հետևյալ բովանդակությամբ փաստաթուղթ է հրապարակել. “Մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է իր հստակ դիրքորոշումը, այն է` Երուսաղեմը պետք է լինի համատեղ մայրաքաղաք: Այս առումով Գլիո թաղամասում Իսրայելի քաղաքականությունը սխալ է և Միացյալ Թագավորությունն ընդդիմանալու է գործընթացին”:

Երուսաղեմի խնդիրը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարևորագույն խնդիրներից է: Քաղաքի արևելյան հատվածը, որը գրավվել է Իսրայելի կողմից դեռևս 1967-ին, մինչև հիմա միջազգայնորեն չի ճանաչվում որպես իսրայելական:

Այս պահին տարածքում հրեա բնակիչների թիվը հասնում է 180.000-ի: Իսրայելը Երուսաղեմի այս հատվածը համարում է երկրի անբաժանելի մաս, մինչդեռ պաղեստինցիները սա դիտարկում են որպես ապօրինի վերաբնակեցում:

Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ տեղի ունեցած վերջին բանակցություններում, որպես լուծում առաջարկվում էր Իսրայելին թույլ տալ շարունակել վերաբնակեցումը քաղաքի արևելյան հատվածում, փոխարենը պաղեստնյան կողմին պետք է հանձնվեր Երուսաղեմի արաբներով բնակեցված մասը:
Իրականում խնդիրը երկու կողմերի համար էլ շարունակում է մնալ Երուսաղեմի հին քաղաքը: Սա հենց այն վայրն է, որտեղ տեղակայված են մահմեդականների համար չափազանց կարևոր սրբատեղի համարվող Ալ Աքսայի մզկիթը և բիբլիական ժամանակներից այստեղ մնացած հրեական տաճարների ավերակները:


XS
SM
MD
LG