Մատչելի հղումներ

Իրանի հետ բանակցությունները չեն ավարտվել


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, դեռ վաղ է Իրանի հետ միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններն ավարտված հայտարարելու համար։ Նա ասում է, թե աշխարհի առաջնորդները դեռ պետք է շարունակեն բանակցություններով Իրանի հետ միջուկային խնդիրը լուծելու ջանքերը։


Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներկայացուցիչները, որոնք փորձում են համոզել Իրանին ընդունել հարստացման աշխատանքները սառեցնելու առաջարկը, պատրաստվում են այս շաբաթ քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորրորդ փուլի պատժամիջոցները։


Իրանը ուրանը հարստացնում է մինչեւ 5 տոկոսի, ինչը կարող է ծառայել որպես վառելանյութ, սակայն ոչ՝ միջուկային զենքի։ Միջուկային զենքի համար պահանջվում է ավելի բարձր տոկոսի հարստացված ուրան։
ՄԱԿ-ը առաջարկում է հարստացման աշխատանքներն իրականացնել Ռուսաստանում, որից հետո Ֆրանսիան դրանք կվերածի միջուկային վառելանյութի ձողերի ու կառաքի Իրան՝ այս երկրի ատոմային ռեակտորներում կիրառվելու համար։


Ի դեպ, Ռուսաստանը երկուշաբթի օրը խորտակեց Իրանում իր կողմից կառուցվող ատոմային էլեկտրակայանի աշխատանքներն այս տարի սկսելու Թեհրանի հույսերը։
Ռուսաստանի այս հայտարարությունը զայրույթ է առաջ բերել Իրանում։ Երկրի խորհրդարանի որոշ անդամներ պահանջում են, որ Ռուսաստանը ռեակտորի աշխատանքներն ավարտելու կոնկրետ ամսաթիվ ներկայացնի։


Բուշերի ատոմակայանի շինարարությունը սկսվել էր 197Օ-ականներին, սակայն՝ կիսատ թողնվել 1979 թվականի մահմեդական հեղափոխությունից հետո։ Կառուցման աշխատանքները վերսկսելու պարտավորությունն իր վրա վերցրեց Ռուսաստանը 199Օ-ականների կեսերին կնքված մեկ միլիարդ դոլարի համարժեք համաձայնագրով։

XS
SM
MD
LG