Մատչելի հղումներ

Միջազգային համայնքը դատապարտել է ինտերնետային գործիչներին ձերբակալելու Ադրբեջանի որոշումը


Միջազգային իրավապաշտպան խմբերն ու կառավարությունները, ներառյալ Միացյալ Նահանգները, քննադատել են Ադրբեջանում հանրային անկարգության ամբաստանությամբ ընդդիմադիր երկու գործիչների բանտարկության դատապարտելու փաստը։

Ադրբեջանի մի դատարան ինտերնետային գործիչ Էմին Աբդուլաեւին դատապարտել է երկու տարվա բանտարկության, իսկ Ադնան Հաջիզադեյին երկուսուկես տարվա բանտարկության։ Նրանք մեղադրվում են հուլիս ամսին Բաքվի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուկի համար։

Դատապարտյալներն ասում են, թե իրենք հարձակման էին ենթարկվել քաղաքացիական հագուստներ կրող ոստիկանների կողմից, եւ որ հարուցված մեղադրանքները պարզապես պատրվակ են՝ պատժելու իրենց քաղաքական գործունեության համար։ Երկու գործիչները հաճախ են քննադատել Ադրբեջանի իշխանություններին ինտերնետային հայտնի կայքէջերում։

Իշխանությունները սակայն պնդում են, որ դատական այդ գործը որեւէ առնչություն չունի նրանց ինտերնետային գործունեության հետ։

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը դատապարտել է այդ դատավճիռը, այն բնութագրելով ՛՛դեպի ետ արված քայլ Ադրբեջանի ժողովրդավարական ազատությունները ընդլայնելու ջանքերում՝՝։

Մարդու իրավունքները պաշտպանող խմբերը, ներառյալ Միջազգային Ներում եւ Մարդու Իրավունքների հսկում կազմակերպությունները, ինչպես նաեւ Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը, նույնպես դատապարտել են բանտարկության դատավճիռը։


Բլոգինգ կոչվող ինտերնետային գործունեության հեղինակների ձերբակալությունները հետեւել են նախագահ Իլհամ Ալիեւին ծաղրող երգիծաբանությանը ինտերնետային մի էջում։

Իրավապաշտպան խմբերը պարբերաբար քննադատել են մամուլի ազատությունը սահմանափակելու եւ լրագրողներին հետապնդելու Արդբեջանի գործելակերպը։

Սակայն Ադրբեջանի կառավարությունը հերքում է այդ քննադատությունները, պնդելով, որ նախագահ Ալիեւը մեծ ժողովրդականություն է վայելում իր երկրում։

XS
SM
MD
LG