Մատչելի հղումներ

Աֆղանստանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ


Աֆղանստանում բոլորն էին սպասում երեքշաբթի օրվան, քանի որ այդ օրը երկրի նախագահ Համիդ Քարզայը պիտի հայտարարեր, ինքը ճանաչում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը, թե ոչ։ Եւ ահա Քարզայը հանդես եկավ մի հայտարարությամբ, ինչը վկայում է, որ նա այլեւս չի ունեցել իր համառությունն առաջ տանելու հնարավորություն։ Մամուլի ասուլիսի ժամանակ, ԱՄՆ-ի սենատոր Ջոն Քերրիի ու Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Քայ Այդիի ներկայությամբ նա ընդունեց ընտրությունների ընթացքում բազում խախտումների մասին ընտրական հանձնաժողովի զեկույցը։

Քարզայը հանձանժողովի որոշումը համարում է՝՝ օրինական եւ ճիշտ՛՛։ Այն, նրա խոսքերով համապատասխանում է Աֆղանստանի սահմանդրության պահանջներին եւ նպաստում երկրի ժողովրդավարության ամրապնդմանը։


Ամերիկացի սենատոր Քերրին Քարզայի այս հայտարարությունը համարում է պետական ղեկավարին պատիվ բերող քայլ, ՝՝որն ավելի կամրապնդի երկրի դիրքերը՝ հարգելով սահմանադրությունն ու օրենքները՛՛։

Քարզայի հայտարարությունից հետո Բարաք Օբամայի վարչակազմն անմիջապես ողջունեց ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու շուրջ Քարզայի համաձանյությունը։

Իսկ երկրորդ փուլի անցկացման իրական հնարավորությունն առաջ եկավ դրանից մեկ օր առաջ, երբ ՄԱԿ-ի կողմից հաստատված ընտրական այս հանձնաժողովը չեղյալ հայտարարեց օգոստոսի 2Օ-ին Քարզայի օգտին քվեարկված ձայների մեկ երրորդը։ Այսպիսով, նրա հավաքած ձայների թիվը զիջեց միայն առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ առնվազն 5Օ տոկոսի ցուցանիշը։ Այժմ նա պայքարը պիտի շարունակի երկրի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահի հետ։


Քարզայը հերքել էր Աբդուլլահի հետ կոալիցիոն կառավարություն հաստատելու հնարավորությունը։ Աբդուլլահի խոսնակն էլ ասել էր, թե միակ ուղին ընտրությունների երկրորդ փուլն է։ Այնպես որ, երկու թեկնածուները որդեգրել էին կամ իշխանությամբ, կամ՝ առանց իշխանության նշանաբանը։

ԱՄՆ-ը, սակայն, դեռես չի կարողանում Աֆղանստանում գտնել մի ուժի, որը, կազմելով կառավարություն, կկարողանար դառնալ իրական գործընկեր Թալիբանի դեմ ԱՄՆ-ի կողմից մղվող պայքարում։

Ընտրությունների երկրորդ փուլը, շատերի կարծիքով, կարող է կրկնել օգոստոսյան ընտրությունների ժամանակ թույլ տրված օրինախախտումները։ Դրան կարող է նպաստել շուտով սպասվելիք ձյունը, որը սովորաբար երկրի լայնածավալ շրջաններ կտրում է միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություններից։

XS
SM
MD
LG