Մատչելի հղումներ

Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը


Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին քուրդ ապստամբների դեմ Թուրքիայի իրագործած ռազմական գործողություններին անդրադառնալով պահանջել է, որ Թուրքիան հարգի Իրաքի ինքնիշխանությունը։

Իրաքի ներկայացուցիչ Ալի ալ-Դաբաղը հայտարարել է, թե պրն. Մալիկին այս պահանջը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդոգանին է ներկայացրել հինգշաբթի, Բաղդադում ունեցած հանդիպման ժամանակ։

Թուրքիայի խորհրդարանը վերջերս երկարաձգեց հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ ապստամբների վրա ռազմական հարձակումներ արտոնող օրենքի ժամկետը։

Ակնկալվում է, որ Էրդոգանն ու Մալիկին Բաղդադում ստորագրելու են մոտ 50 համաձայնագրեր, երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերը ամրապնդելու վերաբերյալ։ Երկու ղեկավարները կենտրոնանալու են նաեւ ջրի բնական պաշարների տեղաբաշխման շուրջ ընթացող բանավեճի վրա։

Իրաքը Թուրքիային մեղադրել է Տիգրիս եւ Եփրատ գետերի հոսքը դեպի Իրաք սահմանափակելու մեջ։ Անցյալ ամիս Թուրքիան համաձայնել էր մինչեւ հոտեմբերի 20ը ընդլայնել ջրի հոսքը դեպի Իրաք։

Թուրքիայի ռազմական օդանավերն ու հրետանին վերջին երկու տարիների ընթացքում ռմբակոծել են հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ ապստամբների հենակետերը, որպես մասը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ Թուրքիայի մղած պայքարի։

Այդ կազմակերպությունը 25 տարուց ի վեր պայքարել է հանուն քրդական ինքնավարության հաստատման, հարավ-արեւելյան Թուրքիայում։ Կռիվների հետեւանքով զոհվածների թիվը հասնում է 30.000 –ի։

Թուրքիան եւ միջազգային համայնքի մեծ մասը քրդական այդ կազմակերպությանը համարում են ահաբեկչական խումբ։

XS
SM
MD
LG