Մատչելի հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու նախօրեին


՝՝Որեւէ խոչընդոտ այլեւս չկա հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված համաձայնության ստորագրման ճանապարհին՛՛։ Այս համոզմունքն է արտահայտում ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը՝ արարողությանը մասնակցելու նպատակով երկրի արտգործնախարար Հիլարի Քլինթընի կողմից Շվեյցարիա կատարելիք այցից առաջ։


՝՝Երկու կողմերից էլ կա ընդդիմություն, սակայն ե՛ւ Թուրքիայի ե՛ւ Հայաստանի կառավարությունները լավ ըմբռնում են, որ հարաբերությունների բարելավումը եւ սահմանների բացումը բխում է իրենց երկու երկրների շահերից՛՛, հայտարարում է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հիլարի Քլինթընը մասնակցում արարողությանը, եթե ԱՄՆ-ը չէ այս գործարքի կազմակերպիչը, խոսնակը շեշտում է այդ գործընթացը խրախուսելու կարեւորությունը եւ այն հանգամանքը, որ բացի Քլինթընից, մասնակցելու են նաեւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, Եւրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան, Եւրոպայի խորհրդի նախագահ՝ Սլովենիայի արտգործնախարար Զբոգարը։ ՝՝Իսկ դա հավաքական խրախուսանքի դրսեւորում է՛՛, շեշտում է խոսնակը՝ հիշեցնելով, որ չնայած այս պահին չկա խոչընդոտ ստորագրման համար, հարաբերությունների բարելավման ճանապարհին այն իրականում վերջին քայլը չէ ու դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու համար։


Աշխարհի լրատվական գործակալություններն ու առաջատար թերթերն այս օրերին պատմում են պատմության մեջ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ տխուր էջերի մասին։ Հիշեցնում, որ ավելի քան 2Օ երկիր պաշտոնապես ճանաչել է երկու երկրների միջեւ թշնամանքի ամենամեծ հիմք հանդիսացող Հայոց ցեղասպանությունը, որ այս ողբերգությունը ՝՝ցեղասպանություն՛՛ է անվանում աշխարհի պատմաբանների բացարձակ մեծամասնությունը։


Հայաստանի քաղաքացիները տարակուսանքով են մոտենում հաշտեցման գործընթացին, հուսալով, որ սահմանները բացվելու դեպքում, մեծապես կշահեն մարդիկ, սակայն մյուս կողմից՝ տեսնում վտանգ ու արդեն իսկ տեսնում օգուտի դիմաց ռիսկի դիմելու ռիսկը։


՝՝Հայաստանում բնակվող երեք միլիոն հայերի մեծամասնությունը՛՛, գրում է ՝՝Ասոշիեյթըդ Փրես ՛՛գործակալությունը, այն մտավախությունն ունի, ՝՝որ այսպիսով հարցականի տակ է դրվում Ցեղասպանության փաստը։ Իսկ 5 միլիոն 7ՕՕ հազարանոց հայկական Սփյուռքում, որը հիմնականում ցեղասպանության հետեւանքն է, ավելի բարձր են գոչում ընդդեմ արձանագրությունների ստորագրման՛՛։

Ըստ թերթերի եւ մամլո գործակալությունների հաղորդագրությունների, Թուրքիայում եւս շատերը, կողմ լինելով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանը, չեն կարծում, որ այն կիրականանա ու պատճառաբանում հայերի կողմից փոխզիջումների չգնալու ու իրենց կարծր դիրքերի վրա մնալու հանգամանքը։

Իսկ Ցեղասպանությունից հետո Թուրքիայում կենդանի մնացած հայերի հետնորդները, ովքեր այսօր ունեն 6Օ հազարանոց համայնք, եւ ովքեր հայ-թուրքական թշնամանքի վերջին դրսեւորման ականատեսը եղան Հրանտ Դինքի սպանության փաստով, գտնում են, որ երկու ժողովուրդները չունեն առաջ շարժվելուց բացի այլ ուղի։

՝՝Նոր զարգացումների համը կարելի է զգալ միայն նոր քայլեր իրականացնելու դեպքում՛՛, ասում են նրանք։

XS
SM
MD
LG