Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը ներկա կգտնվի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը


Միացյալ Նահանգների արտգործնախարարի եվրասիական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի համաձայն, արտգործնախարար Հիլարի Քլինթընը ծրագրում է շաբաթ օրն այցելել Ցյուրիխ, Հայ–թուրքական պատմական համաձայնության ստորագրմանը ներկա գտնվելու համար։

Ֆիլիպ Գորդընը հայտարարել է, թե Հիլարի Քլինթընը այնտեղ է գնում թե՛ Հայաստանի եւ թե՛ Թուրքիայի համար պատմական այս քայլի նկատմամբ Միացյալ Նահանգների աջակցությունն արտահայտելու նպատակով։

Թուրքիան եւ Հայաստանը պաշտոնապես դեռեւս չեն հաստատել արձանագրությունների ստորագրման օրը։ Սակայն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հինգշաբթի օրն ասել էր, թե Շվեյցարիայի միջնորդները շուտով կհայտարարեն այդ հանդիպման ճշգրիտ օրն ու վայրը։

Համաձայնության արձանագրությունների նպատակը երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատումն ու սահմանի բացումն է։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան խնդրի կարգավորման ջանքերով Մոլդովայի Քիշնեւ քաղաքում հինգշաբթի օրը խորհրդակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Հայ-թուրքական համաձայնության հեռանկարը զայրույթ է պատճառել բազմաթիվ սփյուռքահայերի, ովքեր դեմ են Թուրքիայի հետ կապեր հաստատելու գաղափարին, քանի որ Անկարան հերքում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը։


Երկու երկրների միջեւ ստորագրվելիք արձանագրությունները, նախքան ուժի մեջ դրվելը, պետք է հաստատվեն նաեւ երկու երկրների խորհրդարանների կողմից։

XS
SM
MD
LG