Մատչելի հղումներ

՝՝Խաղաղության պայամանագիր կնքում են թշնամու հետ, ոչ թե բարեկամի՛՛


՝՝Հավատացած եմ, որ սահմանների բացումը, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանգամանքը եւ Ցեղասպանության խնդիրը հարցեր են, որոնք ավելի արդյունավետ լուծումներ կգտնեն միայն Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների պայմաններում՛՛։


Այսպես է կարծում Ջոն Քենեդիից մինչեւ Բիլ Քլինթընի վարչակազմերը ԱՄՆ-ի ութ նախագահների օրոք դիվանագիտական պաշտոններ զբաղեցրած հայազգի Էդուարդ Ջերեջյանը, որը եղել է Սիրիայում եւ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը։ Նա նաեւ Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքըրի անվան հասարակական հարցերով հաստատության հիմնադիրն է ու տնօրենը։ Նրա խոսքերով, չնայած հայ-թուրքական արձանագրությունները, երկար տարիներ տեւած թշնամանքի պատճառով վիճահարույց բնույթ են կրում թե՛ Հայաստանում թե՛ Թուրքիայում, դրանք պատմական մեծ հնարավորություն են ե՛ւ Հայաստանի ե՛ւ Թուրքիայի համար։

՝՝Բարեկամ երկրի հետ չեն բանակցում նման հարցերում ու չեն կնքում խաղաղության պայամանագիր։ Խաղաղության պայամանագիր կնքում են թշնամու հետ։ Հավատում եմ, որ երբ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ավելի հեշտությամբ կլուծվեն ե՛ւ Հայոց ցեղասպանության հարցը ե՛ւ ղարաբաղյան խնդիրը՛՛, ասում է նա։

Հայերը, նրա կարծիքով, լավ հիմքեր ունեն եղած փաստերով ապացուցելու ցեղասպանության իրողությունը։ ՝՝Իսկ եթե արձանագրությունները չստորագրվեն, կմնանք նույն ստատուս քվոյի վրա, մեկուսացված իրավիճակում՛՛։

Ցեղասպանության հարցը հայկական սփյուռքի կողմից լուծվելու հարց չէ, ասում է նա ու եզրափակում, որ այս հարցը կարող է լուծվել միմիայն անկախ պետություն Հայաստանի ու անկախ պետություն Թուրքիայի միջեւ քննարկումների ու երկխոսության արդյունքում։

XS
SM
MD
LG