Մատչելի հղումներ

Հայ-թուրքական հարաբերություններ


Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման համաձայնությունը երկու երկրների կողմից կստորագրվի հոկտեմբերի 10-ին։ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թվականին, Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո եւ վարչապետի հայտարարությունը նորագույնն է երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։

Թուրքիայի Բիլջի համալսարանի փորձագետ Սոլի Օզելի խոսքերով, համաձայնությունը նշանակալի քայլ է, սակայն վերջնական հաստատումը պետք է տան երկու երկրների խորհրդարանները, ուր հզոր ընդդիմություն է առկա։

Թուրքիայի երկու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները արդեն իսկ բողոքել են, որ այդ համաձայնությունը ստորագրելով, Թուրքիայի կառավարությունը դավաճանում է իր դաշնակից Ադրբեջանին։ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի խոսնակ Սուաթ Կինիկլօղլուի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների վերականգման գործընթացի հաջողությունը պայմանավորված է Ադրբեջանի բողոքներին լուծում գտնելու ջանքերով։ ՛՛Սակայն ինչպե՞ս կարելի է առաջադիմություն արձանագրել ղարաբաղյան հակամարտության բանակցություններում, միաժամանակ շարունակելով վերահաշտեցման գործընթացը, եւ առանց լուրջ խնդիրներ հարուցելու այդ երկրների ներսում՝՝, հարց է տալիս Սուաթ Կինիկլողլուն։

Սոլի Օզելը շեշտում է այն հանգամանքը, որ պատմության մեջ առաջին անգամը լինելով, տարածաշրջանի բոլոր հզոր ուժերը շահագրգռված են կայունության հաստատման հարցով։ Թե՛ ամերիկացիները, եւ թե՛ ռուսները պաշտպանում են հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացը։ Ըստ Օզելի, ռուս-ամերիկյան հարաբերությունները նույնպես ավելի լավ վիճակում են, անցյալի համեմատությամբ։ Դրանից բացի, լավ վիճակում են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունները, քանի որ ռուսները ցանկանում են բնական գազի եւ նավթի իրենց պաշարները շուկայահանել Թուրքիայի միջոցով, դիտել է տալիս Սոլի Օզելը։

Վաշինգտոնը դիվանագիտական ջանքերով խրախուսում է հարաբերությունների վերականգնման թե՛ Անկարայի եւ թե՛ Երեւանի ջանքերը։ Այդուհանդերձ, այդ ջանքերը ենթակա են ձախողման, երկու երկրների միջեւ դեռեւս չլուծված պատմական վեճի հետեւանքով։ Լրագրող Նուրեյ Մերթի կարծիքով, թուրքերը խորը թերահավատությամբ են վերաբերվում վերահաշտեցման գործընթացին։

՛՛Ցեղասպանությունը ընդունելու խոսակցությունը Թուրքիային ծուղակը գցելու միջոց է, որը մեզ պարտադրում են արեւմտյան հզոր պետությունները։ Ահա թե ինչու սահմանի բացման շուրջ տարվող վեճը պարզ խնդիր չէ։ Իսկ քաղաքական ընդդիմությունը այն օգտագործում է կառավարության դեմ, ինչը է՛լ ավելի է բարդացնում խնդիրը՝՝, ասել է լրագրող Նուրեյ Մերթը։

Այս ամենը ենթադրել է տալիս, որ առաջիկա շաբաթները վճռական նշանակություն կունենան աշխարհի ամենաանկայուն շրջաններից մեկում կայունություն հաստատելու գործում։

XS
SM
MD
LG