Աշխարհի 6 գերտերությունների ղեկավարները Շվեյցարիայում հանդիպել են Իրանի պաշտոնյաների հետ: Հոկտեմբերի 1-ին մեկնարկած բանակցություններն, ըստ ամերիկյան դիվանագետների, նպատակ ունեն հստակեցնել Իրանի միջուկային ծրագրերի մանրամասնությունները:
Ի սկզբանե հայտարարելով, թե իրենք նոր պատժամիջոցներով չէ, որ եկել են բանակցությունների, Միացյալ Նահանգների ներակայացուցիչներն այնուամենայնիվ նշել են, որ եթե բանակցությունների արդյունքում առաջընթաց չարձանագրվի, ապա Իրանի տնտեսական մեկուսացումը շարունակվելու է:
Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից և Միացյալ Նահանգներից Ժնև ժամանած դիվանագետներն արդեն իսկ սկսել են քննարկումներն անմիջականորեն իրանական կողմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դիվանագետների կարծիքով, կարևորագույն հարցն այն է, թե արդյոք Իրանի կողմից բանակցող Սայեդ Ջալիլին պատրաստ կլինի քննարկել այդ երկրի միջուկային ծրագրերը, մասնավորապես՝ Քոմ քաղաքում տեղակայված ուրանի հարստացման երկրորդ կայանի վերաբերյալ:
Մինչ այս Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 որոշումներն անկատար են մնացել: Այս խնդրի շուրջ քննարկումներին անհաղորդ մնալով՝ իրանական կողմը փոխարենն առաջարկում է քննարկել տարածաշրջանային անվտանգությանն առընչվող խնդիրներ` օրինակ բերելով Աֆղանստանը:
Հարկ է նշել, որ շվեյցարական այս հանդիպումն առաջինն է վերջին 30 տարիների ընթացքում, երբ պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը ուղիղ բանակցություններ են վարում:
Հիշեցնենք, որ 2008-ին Ժնևում տեղի ունեցած նմանատիպ հանդիպումից հետո, ամերիկյան կողմը լքել էր բանակցային սեղանն՝ առանց իրանական կողմին հրաժեշտ տալու: