Մատչելի հղումներ

Հայ-թուրքական հարաբերություններ.  ՝՝պատմական զայրույթ ու վիրավորանք, տարածքային հարցեր՛՛


Այս օրերին ամերիկյան մամուլն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, ներկայացնում փաստեր վերջին մի քանի օրերի իրադարձություններից։
Թերթերը հիշեցնում են անկախ բոլոր դժվարություններից, Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի լավատեսությունը։ Սակայն, չնայած Նյու Յորքում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի բոլոր փորձերին, որեւէ մեկնաբանություն արտգործնախարարից ստանալ չհաջողվեց։ Որեւէ կարծիք չցանկացավ հայտնել եւ ոչ մի պաշտոնյա։


Մինչեւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները, հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ իրենց վերաբերմունքն են արտահայտում համայքնի անդամները։ Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու նկատմամբ հետաքրքրությանը, արձանագրությունների նկատմամբ ամերիկահայ համայնքում մեծ անհանգստությունը թաքցնելը գրեթե անհնար է։


՝՝Ասոշիեյթեդ Փրես՛՛ գործակալությունը հիշեցնում է այս գործընթացում ԱՄՆ-ի դիրքորոշումը եւ մեջբերում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընի այն խոսքերը, թե կողմերը պետք է մեծացնեն առաջ շարժվելու արագությունը, այլ ոչ թե քաղաքական ընդդիմության ճնշման տակ դանդաղեցնեն այն։
՝՝Նյու Յորք Թայմզ՛՛-ը գրում է, թե Քլինթընը չի ուզում, որ ստորագրումը խափանվի հայ այն ազգայնականների պատճառով, ովքեր պահանջում են, որ Թուրքիան 1915 թվականի սպանությունները ճանաչի որպես ցեղասպանություն։


Եւրոպական ու եւրասիական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասում է, թե իր երկիրը մեծ ոգեւորությամբ է սպասում հոկտեմբերի 1Օ-ին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ կնքվելիք գործարքին, հայտարարելով, թե Վաշինգտոնը շատ լավ տեղյակ է երկու երկրներում այս հարցի նկատմամբ առկա լուրջ ընդդիմության մասին, ՝՝սակայն սա գործընթաց է, որը պետք է շարունակվի՛՛, ասում է նա, շեշտելով Վաշինգտոնի այն տեսակետը, թե Սարգսյանը պետք է մասնակցի ֆուտբոլի պատասխան խաղին՝ անկախ ամեն ինչից։

Իսկ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիլիպ Գորդոնն, այն հարցին, թե այլ ինչ դժվարություններ կան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, բացի ցեղասպանության խնդրից, պատասխանում է, թե կան պատմական զայրույթ ու վիրավորանք, կան տարածքային հարցեր, խնդիրներ, որոնք բոլորը միասին դժվարություններ են հարուցում առաջ շարժվելու ճանապարհին։ Նրա խոսքերով, երկու կողմերում կան մարդիկ, ովքեր քննադատաբար են մոտենում այս գործընթացին ՝՝եւ այդ պատճառով է նաեւ, որ ԱՄՆ-ը ողջունում է մինչեւ այս կետին հասնելու համար երկու կողմերի ցուցաբերած ջանքերը՝՝։

XS
SM
MD
LG