Մատչելի հղումներ

Իսրայելը բացառում է հրեական թաղամասերի կառուցումը լիովին դադարեցնելու հնարավորությունը


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բացառում է գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը լիովին դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարությամբ նա հանդես եկավ մինչեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դեսպանորդ Ջորջ Միթչելի հետ հանդիպումը։ Վերջինս մինչ այդ հանդես էր եկել շինարարությունը սառեցնելու կոչերով։


Նեթանյահուն իր երկրի օրենսդիրներին ասաց, թե քննարկում է սահմանփակ ժամանակահատվածում կառուցման աշխատանքները կրճատելու հարցը։ Սակայն, ինչպես նա շեշտեց իր խոսքում, Իսրայելը Վաշինգտոնի հետ դեռեւս չի եկել այդ ժամանակահատվածի տեւողության մասին համաձայնության։

Ջորջ Միթչելը հորդորում է Իսրայելին դադարեցնել շինարարությունը Հորդանան գետի արեւմտյան ափում եւ Արեւելյան Երուսաղեմում, ինչը, ասում է նա, թույլ կտա վերսկսել խաղաղության բանակցությունները պաղեստինցիների հետ, որոնք նշված հատվածները համարում են իրենց ապագա պետության մասեր։

Միթչելը Նեթանյահուի հետ Իսրայելու հանդիպում է անցկացնելու երեքշաբթի օրը։

Իսրայելը Հորդանան գետի արեւմտյան ափը եւ Արեւելյան Երուսաղեմը գրավել է 1967 թվականին՝ արաբ-իսրայելյան պատերազմի ժամանակ։


Նեթանյահուն հայտարարում է, թե չի դադարեցվելու շինարարությունը Արեւելյան Երուսաղեմում, քանի որ այն, նրա խոսքերով ոչ թե հրեա վերաբնակիչների, այլ՝ հրեական պատմական տարածք է։
Պաղեստինցի ղեկավարներն ասում են, թե չեն գնա բանակցությունների, քանի դեռ շինարարությունը գրավյալ բոլոր տարածքներում կանգ չի առել։

XS
SM
MD
LG