Լիբիայի նախագահ Մոամմար Ղադաֆիի որդին հայտարարեց, թե իր երկիրը չի փոխհատուցի Իռլանդական հանրապետական բանակի կողմից իրականացված ռումբային հարձակումների արդյունքում զոհված անձանց ընտանիքներին։
Սաիֆ ալ-իսլամ Ղադաֆին այս հայտարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը Sky News հեռուստակայանով հայտարարեց, թե ինքն աջակցելու է զոհերի ընտանիքներին՝ հիշեցնելով, որ Լիբիան մեղադրվում է Իռլանդական հանրապետական բանակին 198Օ-9Օ-ականներին պայթուցիկներ տրամադրելու մեջ։
Սակայն զոհերից մեկի հարազատներին գրած նամակում Բրաունն ասում է, թե հարմար չէ իր կառավարության համար փոխհատուցում պահանջել Լիբիայից այն ժամանակ, երբ աշխատանքներ են տարվում այս երկրի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։
Ղադաֆին ասում է, որ եթե զոհերի ընտանիքների անդամները որեւէ նման պահանջով գնան դատարան, ապա իրենք ունեն իրենց դատապաշտպանները՝ դատը շահելու համար։
Լիբիան չունի որեւէ ընտանիքի դրամական փոխհատուցում տրամադրելու մտադրություն, ասում է նա։